Ֆրանսիացի բժիշկների խումբը օրերս Գյումրիի բժշկական կենտրոնում տեղի մասնագետների հետ համատեղ հետազոտեց պատերազմի ժամանակ վիրավորված ու մինչ օրս բուժման կարիք ունեցող շուրջ 30 զինծառայողի:
Ազատանցի ժամկետային զինծառայող Էմին Ունուսյանը վիրավորվել է Մատաղիսի դիրքերում: Զինվորի մայրը՝ տիկին Լուսինեն, պատմեց՝ որդին Երևանում արդեն 3 վիրահատություն է տարել, բայց դեռ քայլել չի կարողանում:
«Երկար բուժման խնդիրներ ունի, վնասվել են ողնաշարը, ոտքը, տազը, կտրվել են ներվերը, երկարատև բուժում է պետք Էմինին: Ցանկալի էր, որ գոնե դրսում բուժեին, այստեղ այնքան շատ են վիրավորները, ինձ թվում է, որ զանգում ենք հետաքրքրվենք, արդեն էնքան ծանրաբեռնված, շատ են, նույնիսկ չեն էլ պատասխանում մեր զանգերին: Տեղ չկա, զբաղված են: Երեք վիրահատություն տարել է, երկու վիրահատություն նորից է սպասվում՝ թե՛ պլաստիկ, թե՛ ողնաշարի հետ կապված: Մի քիչ բարդ է վիճակը, մինչև հիմա չի քայլում», - ներկայացրեց մայրը:
Էմին Ունուսյանը բուժումը կշարունակի Երևանի զինվորական հոսպիտալում։ Նրան ավելի վաղ տնային խնամք էր նշանակվել։ Պատերազմի մասին խոսել չցանկացող զինվորի համար ամենադժվարը զինակից ընկերների կորուստն է: Ինքը հրաշքով է փրկվել:
Էմինին դեռ երկարատև բուժում է անհրաժեշտ։ Ֆրանսիացի բժիշկները նրան նաև անհրաժեշտ պարագաներ կտրամադրեն։
Ֆրանսիացի բժիշկների 7 հոգանոց խմբում 2 հայ կա, ընդ որում, նրանցից մեկը ծնունդով գյումրեցի է: Վիրաբույժ Լևոն Խաչատրյանն ասում է՝ հիմնականում փորձում են բարդ դեպքերը հետազոտել. «Մենք տեղի մեր գործընկերների հետ հիմնականում դիտարկում ենք բարդ դեպքերը, որոնց միանշանակ պատասխան տալը դժվար է թե՛ մեր, թե՛ իրենց համար, դրա համար խորհրդակցում ենք ու որոշում ենք գտնել այն լավագույն լուծումը, որ համապատասխանելու է տվյալ դեպքին: Գյումրիում եղել ենք մեկ շաբաթ առաջ, արդեն դեպքեր կան, որ տեսել ենք, կարծում ենք, որ դեպքեր կան, որ նաև վիրահատվելու կարիք ունեն: Հիմա կտեսնենք՝ իրենք եկել են, թե չէ, կկողմնորոշվենք: Ես ենթադրում եմ, որ Գյումրիում էլ էլի կլինեն բարդ դեպքեր, որոնց հետ կապված կփորձենք մեր կարծիքը տալ ու եթե կարիք լինի նաև վիրահատել»:
«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ տարբեր մասնագիտացմամբ ֆրանսիացի բժիշկներն արդեն մի քանի այցեր կազմակերպել են, առաջիկայում նախատեսում են նաև համատեղ վիրահատություններ կատարել։
«Եթե բուժումը վիրահատական իմաստ ունեցավ, կարելի է նաև մեր հիվանդանոցի բազայի վրա կազմակերպել վիրահատությունը: Մեր մասնագետների հետ իրենք մի պահ որոշեցին անգամ հիվանդ վիրահատել, բայց դա հիմա թողեցին մյուս այցին, որովհետև իրենք գնալու են Ֆրանսիա, հետո, եթե չեմ սխալվում, մարտին հետ են գալու, և իրենք կընտրեն համապատասխան հիվանդներ, ովքեր Շիրակի մարզից են, ում հարմարավետության առումով նաև հարմար է Գյումրիում վիրահատվելը, մեր մասնագետները և իրենք նախատեսել են վիրահատել», - ասաց փոխտնօրենը:
Բժիշկների խումբը վերադառնում է Ֆրանսիա, սակայն փետրվարին կրկին Հայաստան կգան՝ օգնելու իրենց հայաստանցի գործընկերներին: