Իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Երեկ երեկոյան ժամը 20։00-ի կողմերը Մհեր Պետրոսյանը նամակ է գրել, որ ինքը անհանգստացած է, որ կարող է իր նկատմամբ ճնշում գործադրվի, կոնկրետ ճնշման մասին խոսք չկա, որ անհանգստություն ունի դրա վերաբերյալ։ Երեկ ժամը 8-ին ԲԴԽ-ն իր ամբողջ կազմով հավաքվեց և հրավիրեց Մհեր Պետրոսյանին, քննարկել են Մհեր Պետրոսյանի գրությունը, բանավոր իր հետ քննարկել ենք բոլոր իրեն հետաքրքրող և Բարձրագույն դատական խորհրդին հուզող հարցադրումները, և այսօր օրենքով սահմանված կարգով իր գրությանը պատասխան է տրվել», - ասաց Վարդազարյանը։
Իր անհանգստությունը ԲԴԽ-ին ներկայացրած վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը անցած շաբաթ քննելով Օնիկ Գասպարյանի դիմումն ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի՝ միջանկյալ որոշում էր կայացրել, որից, ըստ էության բխում էր, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ վարչապետի հրաժարականը պահանջած Գասպարյանն է:
Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականը պահանջած զինվորականների քայլը ռազմական հեղաշրջման փորձ որակեց։ Այս իրադարձությունների արդյունքում անցած ամռանը ԳՇ պետ նշանակված Գասպարյանը պաշտոնանկ արվեց, նրանից հետո գլխավոր շտաբի նոր պետ նշանակվեց։
Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարն «Ազատությանն» ասաց՝ դատավորի համար անհանգստանալու հիմք և ռեալ սպառնալիքներ չեն տեսել։ Ի՞նչ ազդակներ են եղել անհանգստանալու համար, Վարդազարյանն այս հարցը չմեկնաբանեց. «Թույլ տվեք այս պահին չմեկնաբանեմ դատավորի անհանգստությունները, այդ հարցն ավելի ճիշտ կլինի իրեն ուղղել, մենք ընդամենը կանենք մեր գործառույթը։ Դա լինելու է բաց, պարզ, թափանցիկ։ Մենք անհանգստության հիմք և իրական սպառնալիք չենք տեսել, նույնը նաև չի տեսել դատավորը, բայց որպեսզի կանխենք, որպեսզի չլինի, և դատավորը կարողանա հանգիստ աշխատել, իր գործն անել, մենք կձեռնարկենք օրենքով նախատեսված միջոցները»։
Վերջերս մամուլը գրել էր, որ ԱԱԾ-ն այցելել է Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ, բայց, ինչպես դատավորն էր փոխանցել, ԲԴԽ դիմելուց հետո այցը ընդհատվել էր։