Արմեն Գրիգորյանը պնդում է, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի առաջարկել դադարեցնել այն

Իշխանությունները որևէ նպատակ չունեն պատերազմի պարտության սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի Զինված ուժեր, Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեն` հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք», - ասաց Գրիգորյանն` ի պատասխան դիտարկման, թե կառավարությունն ուզում է պարտության սլաքներն ուղղել դեպի ԶՈւ:

Արմեն Գրիգորյանը նաև շարունակում է պնդել իր ավելի վաղ արված հայտարարությունը, թե պատերազմը դադարեցնելու քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի անվտանգության խորհրդի նիստում և ոչ թե ավելի վաղ, ինչի մասին իր ուղերձում հայտարարել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Վերջինս նոյեմբերի 17-ին հայտարարել էր. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։

ԱԽ քարտուղարն էլ հերքել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդում առաջարկել է դադարեցնել պատերազմը։

Արմեն Գրիգորյանն այսօր, մասնավորապես, նշեց. «Անվտանգության խորհրդի այդ նիստում է (հոկտեմբերի 19-ի-խմբ.) հենց «նույնիսկ 2-3 օրվա մեջ մեր կարողություններն այլևս չեն ձգելու, դադարեցնելու» միտքը հնչել։ Ի դեպ, այդ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիրները՝ ընդդիմադիր ֆրակցիաների ղեկավարները: Ինչ վերաբերում է, թե ինչու շուտ չենք ասել, նախ ոչ թե հայտարարել ենք մենք, երբ որ հրաժարական է պահանջել, այլ երբ որ հրաժարականից հետո աշխատանքից ազատվել և գնացել է, այստեղ մեծ տարբերություն կա: Այնպես չէ, որ երբ հենց ինքը հայտարարել է, մենք դրան ի պատասխան ենք ասել, դրանից անցել է շատ երկար ժամանակ, երբ որ ես դրա մասին խոսել եմ»:

Իսկ հարցին, թե ինչու պատերազմն ավելի վաղ չի դադարեցվել, նա ասաց, որ դրա համար գոնե 3 հրապարակային գործողություն եղել է, և չի դադարել ոչ թե հայկական կողմի պատճառով, այլ քանի որ ինտենսիվ մասնակցություն են ունեցել Թուրքիան, ահաբեկիչները, Ադրբեջանը. «Պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ»,- հավելեց Գրիգորյանը։