Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարկ համարեց հավելել․ - «Հիրավի անիմանալի են ճանապարհներն Աստծո»։
Չնայած իշխող ուժը նախընտրում էր, որ ռազմական դրությունը վերացվի կառավարության նախաձեռնությամբ, այնուհանդերձ երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխանական պատգամավորներին առաջարկեց կողմ քվեարկել ընդդիմադիրների առաջարկին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ռազմական դրությունը վերացնելու՝ ընդդիմադիրների նախորդ բոլոր փորձերը ձախողվել էին՝ իշխող ուժի պատգամավորների պատճառով։
Թե ինչու էր շարունակվում ռազմական դրությունը հրադադարից 4 ամիս անց, իշխանությունից տարբեր պատճառաբանություններ էին ներկայացնում։ Իսկ ընդդիմադիրները շարունակում էին մեղադրել՝ իշխանությունը քաղաքական պատճառներով է պահպանում ռազմական դրությունը, որպեսզի խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնաց չսկսվի։ Մինչդեռ «Իմ քայլից» հակադարձում էին՝ չկա որևէ քաղաքական դրդապատճառ։
Ռազմական դրության վերացումն անհրաժեշտ էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
Կստեղծվի նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Խորհրդարանում այսօր մի քանի նախագծեր ևս քվեարկության դրվեցին։ Հատուկ քննչական ծառայության գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կստեղծվի նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծի փաթեթը։
Հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ ըստ էության ներառելով նաև Հատուկ քննչական ծառայության լիազորությունները։
Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Ազգային ժողովն այսօր ընտրվեց նաև Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ Մինչև քվեարկությունը ելույթ ունեցան թեկնածուները։ Արմեն Հայկյանցը դժգոհեց՝ հայտատարելով, թե առաջին փուլում դուրս են եկել ընթացակարգային կարգավորումից՝ ըստ էության ակնարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի շուրջ մի քանի օր ծավալված քննարկումը։
«Ես չեմ ժխտում և որևէ մեկը չի ժխտում, որ այն հարցերը, որոնք այդտեղ բարձրացվեցին և քննարկվեցին կարևոր չեն պետության համար, քանզի կանխավարկածն այն է, որ խորհրարանում չի կարող քննարկվել որևէ հարց, որը կարևոր չէ, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենսդրորեն նախատեսված ընթացակարգի շրջանակներում», - ասաց նա։
Առաջին փուլում «Իմ քայլի» նախաձեռնությամբ դատավոր չէր ընտրել: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն հայտարարել էր, որ իրենք այդ քայլով դիրքորոշում են հայտնում ոչ թե թեկնածուների, այլ Բարձագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց հայտարարության ու նրա գործունեության վերաբերյալ։
Վարդազարյանը նոյեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին՝ հղում կատարելով վարչապետի հեղինակային արտահայտությանը, թե եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Հայտարարությունն արվել էր նույն այն ժամանակ, երբ դատարանը քննում էին Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը։ Նրանք, ի դեպ, չկալանավորվեցին։
«Ես Ձեր խոսքից նկատեցի, որ Դուք որոշակի դժգոհություն ունեք էն իմաստով, որ նաև քաղաքական դիտարկումներից ելնելով որոշում է կայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ես Ձեր ուշադրությունը հրավիրում եմ նրա վրա, որ Դուք գտնվում եք Ազգային ժողովում, որը քաղաքական մարմին է», - ասաց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա Արմեն Հայկյանցին կենսագրության վերաբերյալ ճշտող հարց տվեց, սակայն թեկնածուն հրաժարվեց պատասխանել՝ հղում անելով օրենքին։
«Խնդրում եմ ներկայացրեք Ձեր քաղաքական կենսագրությունը՝ ՕԵԿ-ից մինչև ՀՀԿ, մնացածը չեմ հիշում, Դուք ասեք։ Նաև խնդրում եմ ասեք, թե քաղաքական կենսագրության ընթացքում ունեցած Ձեր կապերը․․․ ինչպես կերաշխավորեք մեզ՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, որ այդ կապերը որևէ կերպ ազդեցություն չեն ունենա հետագայում, Ձեր ընտրության դեպքում իհարկե, Ձեր պաշտոնավարման վրա որպես Վճռաբեկ դատարանի դատավոր», - հարցրեց Հովհաննիսյանը։
««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը նման ընթացակարգ, նման քայլ չի նախատեսում, և պատասխանելով այդ հարցին ես ըստ էության կհակասեմ իմ դիրքորոշմանը», - արձագանքեց Հայկյանցը։
«Իշխող ուժը դատական իշխանության համակարգը քաոսի է վերածել», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը՝ խոսելով նաև այդ համակարգը արհեստավարժ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունից․ - «Մի քանի օր առաջ չօգտվեցիք այդ հնարավորությունից, պատճառ բերեցիք, որ կադրերը, իհարկե, շատ լավ են, բայց քանի որ Բարձրագույն դատական խորհուրդն է ներկայացրել, և խորհրդի ղեկավարն էլ ձեր սրտով չէ, ապա դուք դեմ եք քվեարկում կամ չեք մասնակցում քվեարկությանը, որը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև հիմա էլ է Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել այս մարդկանց։ Եվ հիմա եթե դուք դրականորեն քվեարկեք նրանցից որևէ մեկի օգտին, կնշանակի, որ դուք ձեր ասած նախկին խոսքը փաստորեն մոռացել եք»։
Այնուամենայնիվ, Ազգային ժողովն այս անգամ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։ Նրա օգտին կողմ քվեարկեց քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 87-ը։ Հայկյանից օգտին քվեարկել էր 11 պատգամավոր։