Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին առաջարկում են վերացնել ռազմական դրությունը, ԱԺ նախագահը հորդորում է այս անգամ կողմ քվեարկել


Կառավարությունից դեռ չեն հայտնում՝ երբ է վերացվելու շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը, փոխարենն Ազգային ժողովն արդեն քննարկում է այն վերացնելու՝ ընդդիմադիրների առաջարկը։ «Լուսավոր Հայաստանում» ու «Բարագավաճ Հայաստանում» վստահ են՝ իշխանությունը քաղաքական պատճառներով է պահպանել ռազմական դրությունն, ու այն այժմ շարունակելու որևէ հիմք չկա։

«Սահմանափակումները, որոնք մտցված էին հավաքների հետ կապված, տեղաշարժի հետ կապված, զորահավաքի հետ կապված, բոլորը հանվել են և հանվել են արդեն մեկ ամսից ավելի շուտ, այսինքն` երկրում այս մասով սահմանափակումներ չկան, մնացել է ռազմական դրությունը որպես ռազմական դրություն մի բանի համար, որ այստեղ անվստահության գործընթաց չսկսվի», - ասում է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ռազմական դրությունը շարունակվել է միայն մեկ նպատակով, որպեսզի ընդդիմադիրները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չսկսեն, համոզված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ճիշտ նույն տեսակետն ունի նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Այո, ռազմական դրությունը չէր հանվում մեկ պատճառով, որովհետև մտավախություն կար, որ ընդդիմությունը, և օբյեկտիվ լեգիտիմ մտավախություն կար, որ նախաձեռնելու էր Նիկոլի Փաշինյանի իմպիչմենթի գործընթացը, կհաջողեինք, չէինք հաջողի, ժողովուրդը կտեսներ, ժողովուրդը չէր տեսնի, ժողովուրդն իմաստուն է և այլն, կերևար նախաձեռնությունների ժամանակ»:

1, 2 կամ 3 ամիս առաջ իշխանությունների համար ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական հարցերն են եղել կարևոր, անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող պնդումներին` հայտարարեց իշխող «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը. «Երբ այսօր կառավարության կողմից արդեն իսկ ունենք մասնագիտական կարծիքներ, որ հիմա կամ մոտ ապագայում կարող ենք հանել, մենք գնում ենք այդ որոշմանը, որովհետև ինչ-ինչ, բայց մի բանում մենք հաստատ վստահ ենք, որ անվստահություն հայտնելու պրոցեսով մեզ վախեցնել հնարավոր չէ, որովհետև դուք այդպիսի հնարավորություն կարող եք ունենալ հիմա, կարող եք փորձել և կրկին կմնաք միայնակ, ինչպես մնացել եք միայնակ փողոցներում և հրապարակներում»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բացարձակապես անհիմն է համարում ընդդիմադիրների մեղադրանքները, պնդում՝ ռազմական դրության երկարաձգումը չունի քաղաքական որևէ դրդապատճառ։ Այդուհանդերձ, ԱԺ նախագահն իշխող ուժի պատգամավորներին առաջարկեց կողմ քվեարկել ընդդիմադիրների առաջարկին, թեև շեշտեց՝ համակարծիք է գործընկերների հետ՝ լավագույն լուծումը կլիներ, եթե հենց կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության չեղարկումը. «Ես ցանկանում եմ նաև համերաշխություն բառն օգտագործել, բայց գուցե համերաշխության տակ բոլոր պատգամավորը չցանկանան ստորագրել, բայց առնվազն հանդուցալուծման ճանապարհ է սա և քաղաքական կայունության այսպես թե այնպես վերականգնման` այս կամ այն ելքով: Ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այս նախագծին, հանենք ռազմական դրությունը, գուցե 7 օր, գուցե 5 օր, ավելի շուտ, քանի իմաստ ուներ»։

Դեռ անցած շաբաթ ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջարկը քննարկվել էր Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ու բացասական եզրակացություն ստացել։ Հենց նույն նիստի ընթացքում իշխող ուժի պատգամավորներն առաջարկել էին սպասել կառավարության որոշմանը, հիշեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ռազմական դրությունը վերացնելու՝ ընդդիմադիրների առաջարկությունը քվեարկության կդրվի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG