Պետդուման հաստատեց Պուտինի պաշտոնավարումը նաև 2024-ից հետ հնարավոր դարձնող ընտրությունների մասին օրենքը

Ռուսաստանի օրենսդիր մարմինը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց ընտրությունների մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել պաշտոնավարումը նաև 2024 թվականից հետո:

68-ամյա Պուտինի նախագահության հերթական ժամկետն ավարտվում է 3 տարուց՝ 2024-ին։

Փոփոխությունների համաձայն, Ռուսաստանում նախագահ կարող է դառնալ 35 տարեկանից բարձր, վերջին առնվազն 25 տարիներին երկրում բնակված, երբեք օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ երկրի կեցության իրավունք չունեցած անձը։

Նախագահական ժամկետների սահմանափակումները վերացնելու կամ զրոյացնելու հարցը անցած տարի Պետդումայում անսպասելիորեն բարձրացրեց իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան:

Վերջինս իր ելույթում ասաց, թե հարցը նրան, այսինքն՝ Պուտինին, չի վերաբերում, այլ Ռուսաստանի քաղաքացիներին և ապագային: