Նախնական արդյունքներով՝ Իսրայելի Քնեսեթի ընտրություններում առավելագույն ձայներ ստացել է «Լիկուդ»-ը

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, ձայների մեծամասնությունը ստացել է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը, սակայն ստացած մանդատների քանակը բավարար չէ ինքնուրույն կառավարություն կազմելու համար։

Վերջին երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ արտահերթ ընտրությունների արդյունքներն այդպիսով չհանգուցալուծեց երկրի ներքաղաքական ճգնաժամը։

Քնեսեթի120 պատգամավորական տեղերից աջ պահպանողական «Լիկուդ» կուսակցությանը, ըստ իսրայելական լրատվամիջոցների, բաժին է հասել 33-ը, 2-րդ տեղում լիբերալ «Հեյշ Աթիդն է»՝ նախնական արդյունքներով 18 մանդատով։

Աջակողմյան և կրոնական կուսակցությունների բլոկը՝ «Լիկուդի» գլխավորությամբ, ըստ տարբեր էքզիթ փոլերի, լավագույն դեպքում կստանա 52-54 մանդատ և կկարողանա կոալիցիա ձևավորել «Յամին» կուսակցության աջակցության շնորհիվ, որն այս պահին 7-8 մանդատ ունի:

Իսրայելում վերջին երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ կառավարությունը հրաժարական է տվել անցած դեկտեմբերին․ իշխող կոալիցիայի գործընկերներ Բենյամին Նեթանյահուն և Բեննի Գանցը չեն կարողացել համաձայնության հասնել հաջորդ տարվա պետբյուջեի շուրջ։

Այդ ժամանակ Նեթանյահուն հրաժարվել է հաստատել բյուջեն՝ պատճառաբանելով համաճարակի հետևանքով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը։

Ընդդիմախոսները, մինչդեռ պնդում են, որ այդ քայլով Նեթանյահուն պարզապես խանգարել է Գանցին այս տարվա աշնանը զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչը կոալիցիոն պայմանավորվածության կետերից մեկն էր։