«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշել է բացել Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ: Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նաև հայտնում է, որ սկսում է
քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
Շտաբը նպատակ ունի հանրային ճնշման պահպանման և շարժման հետագա գործողությունների համակարգման:
Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:
Նաև հավելում են, որ ՀՓՇ-ի նպատակն ու օրակարգն անփոփոխ են:
Հիշեցնենք, որ ի սկզբանե շարժումը պահանջում էր վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ ընտրություններ: Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտան փակ էին պահում փետրվարի 25-ից:
Մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո նա այս մասին գրեց Ֆեյսբուքի իր էջում։ Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ էր արտահայտվել նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ֆեյսբուքյան գրառումը դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։