Ըստ փորձագետների՝ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը նույնքան խնդրահարույց կարող է դառնալ, որքան «Բրեքզիթ»-ն էր

Թուրքական ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին, արևմտյան փորձագետները վստահ են՝ նախագահ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը միջազգային ֆինանսական շրջանակների համար նույնքան խնդրահարույց կարող է դառնալ, որքան «Բրեքզիթ»-ն էր՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշումը։

Բրիտանական The Guardian պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևմտյան տնտեսագետներից մեկը՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի՝ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկության մասին անցած շաբաթավերջին կայացրած որոշումը «միջազգային ներդրողների շրջանում շոկ է առաջացրել»։

«Ես նման վատ որոշում Թուրքիայի պատմության մեջ պարզապես չեմ մտաբերում»․ - The Guardian-ի թղթակցի հետ զրույցում ասել է Bluebay Asset Management ընկերության ավագ փորձագետ Թիմ Աշը։

«ԿԲ ղեկավարի պաշտոնանկությունը վկայում է, թե որքան հախուռն կերպով են Թուրքիայում որոշումներ կայացվում, մասնավորաբար, դրամավարկային քաղաքականության ասպարեզում», - նշել է ֆինանսական ոլորտի լոնդոնցի մեկ այլ փորձագետ Քրիստիան Մաջիոն։

Հիշեցնենք, ընդամենը չորս ամիս պաշտոնավարած Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Նաջի Աղբալի աշխատանքից հեռացման մասին հայտնի դարձավ շաբաթ օրը։ Դրանից մեկ օր առաջ թուրքական գլխավոր դրամատունը որոշել էր միանգամից երկու տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափը, ինչը, թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ, առաջացրել էր երկրի նախագահի լուրջ դժգոհությունը։

Բանն այն է, որ վերջին տարիներին նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե տոկոսադրույքների բարձրացումը վնասում է երկրի տնտեսությանը։

Ստամբուլի «Քոջ» համալսարանի պրոֆեսոր Սելվա Դեմիրալփի խոսքով՝ այն, ինչ կատարվում է թուրքական ԿԲ շուրջ, չի կարող չազդել երկրի տնտեսության բնականոն գործունեության վրա։

«Կարծում եմ, որ լուրջ ռիսկեր են առկա նախևառաջ [Կենտրոնական բանկի] ինստիտուցիոնալ անկախության և դրա կարողությունների հետ կապված։ Պետք չէ մոռանալ, որ վերջին երկու տարիների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահին Թուրքիայում արդեն չորրորդ անգամ են փոխում», - Reuters գործակալության հետ զրույցում նշում է տնտեսագետը։

Փորձագետների վատթարագույն կանխատեսումներն առայժմ իրականություն են դառնում։ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնանկությունից երկու օր չանցած թուրքական լիրայի փոխարժեքը միջազգային շուկայում նվազեց մոտ 10 տոկոսով:

Goldman Sachs հեղինակավոր ընկերության կանխատեսմամբ, ստեղծված իրավիճակում լիրայի փոխարժեքի հետագա անկումը կանխելու նպատակով Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վերադառնալ արտարժութային ինտերվենցիաների քաղաքականությանը։ Վերջին երկու տարիներին թուրքական կառավարությունը նման քաղաքականության կիրառման փորձ ունեցել է։ Որպես հետևանք,ազգային տարադրամի փոխարժեքը կայունացնելու նպատակով պետական բանկերը ֆինանսական շուկա էին ներարկել շուրջ130 միլիարդ դոլար, իսկ Թուրքիայի ԿԲ արտարժութային պաշարները միայն վերջին մեկ տարում կրճատվել էին երեք քառորդով։