Փաշինյանը նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկությանը հակասող հայտարարություն է արել 

Су-30СМ-ների ժամանումը Հայաստան, 27-ը դեկտեմբերի, 2019թ.

Հայաստանի ձեռքբերած Су-30СМ կործանիչների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկությանը և իր հայտարարություններին հակասող հայտարարությամբ է հանդես եկել, թե Երևանը կործանիչները ձեռք է բերել անցած տարվա մայիսին և չի հասցրել մինչև 44-օրյա պատերազմը գնել նաև կործանիչների հրթիռները։

Այնինչ 2019թ. դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրեցին, որ հայկական Զինված ուժերը համալրվել են Су-30СМ կործանիչներով, իսկ անցած տարվա հուլիսին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, թե Су-30СМ-երը հաջողությամբ փորձակել են հրթիռներ։

Երկու օր առաջ՝ մարտի 20-ին վարչապետը Արագածոտնի մարզի Օհանավան ասաց․ - «Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին ա ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք»։

2019թ. դեկտեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջերը փոխանցեցին՝ հայաստանյան Զինված ուժերը համալրվել են Су-30СМ կործանիչներով։ Սակայն սա ամբողջը չէ. այդ օրը Գյումրիի օդանավակայանում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրանց ներկայությամբ ցուցադրական թռիչքներ կատարելուց հետո վայրէջք կատարեցին Հայաստանի Զինված ուժերի տարբերանշանով չորս Су-30СМ կործանիչներ։

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ», - Գյումրիի օդանավակայանում ասել էր Փաշինյանը։

Հարց է առաջանում, եթե շաբաթ օրը վարչապետը հայտարարում է, որ կործանիչները ձեռք են բերվել 2020թ. մայիսին, ուստի մինչև պատերազմը չորս ամիս էր մնացել, և կառավարությունը պարզապես չի հասցրել կամ չի կարողացել ձեռք բերել հրթիռները, ընդ որում՝ ոչ էլ կարողացել է հրթիռները գնել Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանից պատերազմի ողջ ընթացքում՝ 44 օր, ապա ինչո՞ւ էին 2019թ. դեկտեմբերին պաշտոնապես տեղեկացնում, վարչապետն էլ հայտարարում էր, որ հայկական Զինված ուժերը համալրվել են Су-30СМ-ներով։

Հաջորդը, 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարեց հետևյալ գրառումը. - «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։

Դարձյալ հարց է ծագում՝ հայկական Су-30СМ-ները այդ ինչպե՞ս են հրթիռները փորձարկել, կամ ի՞նչ հրթիռներ են փորձարկել, եթե այժմ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը չի հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել կործանիչների հրթիռները։

«Ազատությունը» այս hարցերը այսօր ուղղել է վարչապետ Փաշինյանին, պատասխան դեռ չունենք։

44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «աննախադեպ» որակեց օդուժի գծով հայ-ռուսական համագործակցությունը և անդրադարձավ Су-30СМ-ների նոր խմբաքանակի ձեռքբերման հարցին՝ որևէ բան չասելով կործանիչների սպառազինության մասին։

«Նախատեսվում է նոր խմբաքանակի ձեռք բերում։ Էս պահին բանակցություններ են ընթանում», - ասել էր Տոնոյանը։

Պատերազմի ընթացքում Су-30СМ-ների կիրառման, ավելի ճիշտ՝ չկիրառման հարցին անդրադարձավ պաշտպանության նախախարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անցած տարվա հոկտեմբերի 21-ին «Սիվիլնեթի» եթերում հայտարարելով, թե բավարար ժամանակ չի եղել, որպեսզի հայկական զինված ուժերը կարողանան հմտանալ կործանիչների կիրառման գործում․ - «Իսկ ո՞վ ասաց, որ դու այլ միջոց եթե ձեռք բերեին, էդ կարճ ժամանակում կհասցնեիր բավարար մարտական վիճակի բերել։ Մենք 2016 թվականից ունենք ձեռք բերված միջոցներ, որոնք մինչև այսօր լիարժեք բավարար մարտական վիճակում չեն»։

Արդեն պատերազմից հետո Су-30СМ կործանիչների հարցը մտավ հանրային քննարկման օրակարգ։ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարց բարձրացրեց՝ թերևս, ակնարկելով, որ կործանիչները ձեռք են բերվել առանց համապատասխան սպառազինության. – «Պետք ա պարոն Տոնոյանին հարցնել՝ պարոն Տոնոյան, Դուք նկարահանվում էիք, նստում էիք․․․ Վարչապետը ռազմական գործիչ չի»։

Պաշտպանության նախարարությունը նույն օր արձագանքեց, թե ինչ վերաբերում է վերջին ռազմական գործողությունների ընթացքում Су-30СМ-ների կիրառությանը, ապա «բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պետք է ստանան այդ զեկույցները, մանրամասնորեն տեղեկացված են այս հարցերի պատասխանների վերաբերյալ»:

Су-30СМ-ների վերաբերյալ նախորդ աղմկահարույց հայտարարությունն արեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տարվա փետրվարի 16-ին հրապարակված ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցում հանրապետականների առաջնորդը նշեց, թե կործանիչները օդ են բարձրացել առանց սպառազինության․ - «Այո, Սու-30-ը թռավ մի անգամ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ․․․ ուղղակի ամեն ինչ ասել են տալիս․․․ էն էլ էնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի Պաշտպանության նախարարություն և ասի՝ այդ հիմարությունը մի՛ արեք, մենք տեսնում ենք, որ էդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում։ Առանց սպառազինության ո՞ւր եք ուղարկում․․․ Ես ինքնաթիռի վրա սպառազինություն չեմ տեսել»։