Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո ևս մեկ անձի մոտ են բարդություններ առաջացել

Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո ևս մեկ անձի մոտ բարդություններ են առաջացել, այս մասին հայտնել է երկրի առողջապահական գերատեսչությունը։ Աղբյուրի համաձայն` պատվաստանյութը երիտասարդ կնոջ մոտ առաջացրել է ալերգիկ ռեակցիա, բայց առայժմ հստակ չէ՝ այս դեպքում նույնպես խոսքը անաֆիլակտիկ շոկի մասին է։

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, ըստ բժիշկների` նրա ինքնազգացողությունը լավ է։

Այսօր ավելի վաղ Վրաստանում մահացել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված 27-ամյա բուժքույրը։ Երեկ սրսկվելուց անմիջապես հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ըստ բժիշկների՝ երիտասարդ կնոջ մոտ հաստատվել է անաֆիլակտիկ շոկ՝ ծանր ալերգիկ ռեակցիա։

Մարտի 19-ի տվյալներով` Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3642 բուժաշխատող։ Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստումներից։