Սերժ Սարգսյանին պատկանող գույքը կմնա կալանքի տակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում։

Որոշումն այսօր կայացրեց առաջին ատյանի դատարանը՝ մերժելով Հայաստանի երրորդ նախագահի փաստաբանների միջորդությունը։

Ժողովրդի ճնշմամբ 2018-ին հրաժարական տված նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Ժողովրդի ճնշմամբ 2018-ին հրաժարական տված նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը դեռ 2019-ին է կալանք դրել Սերժ Սարգսյանի և այս գործով անցնող ևս 4 մեղադրյալների անձնական գույքի վրա։ Ըստ պաշտոնական վարկածի, նրանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 միլիոն 160 հազար դրամ։ Հենց այդքան էլ կազմում է կալանքի տակ առնված գույքի ընդհանուր արժեքը։

Սարգսյանի փաստաբանական խումբը կբողոքարկի առաջին ատյանի այս որոշումը, թե ոչ՝ դեռ պարզ չէ։ Նրա փաստաբաններից Ռուբեն Հակոբյանն ասաց՝ երբ ստանան որոշումը, կքննարկեն․ - «Գույքի վրա կալանք դնելու դատավարական գործընթացը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին․ պետք է լինեն հիմքեր, պետք է լինեն նպատակներ, և պետք է ապահովվի դատավարական երաշխիքները։ Մեր խորին համոզմամբ, քրեական հետապնդման մարմինները գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրել են դրա հիմքերի իսպառ բացակայության, նպատակների բացակայության պայմաններում, և խախտվել է դատավարական ընթացակարգը, բոլոր երաշխիքները։ Այդպիսի դատավարական խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես չեմ տեսել»։

Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբը շարունակում է պնդել, որ այս գործը քաղաքական պատվեր է, ինքը՝ Սարգսյանն այն «անհեթեթություն» ու «կարված գործ» է որակում։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հակադարձում է, թե տրամաբանական է, որ պաշտպանական կողմն այդպիսի հայտարարություններով պետք է պաշտպանվի․ - «Պարզ է, որ պաշտպանության կողմը պետք ա ներկայացնի գործի հանգամանքները էն լույսի ներքո, որ բխում ա պաշտպանության կողմի շահերից։ Առկա են եղել բավարար հիմքեր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև մյուս ամբաստանյալների գույքերի վրա արգելանք դնելու, և վարույթ իրականացնող մարմինը կայացրել ա այդպիսի որոշում։ Նախաքննության փուլում բողոք եմ ես ստացել Սերժ Սարգսյանի պաշտպանների կողմից, քննարկել և էդ բողոքը մերժել եմ։ Էդ որոշման օրինականությունը ստուգվել ա նաև և՛ Առաջին ատյանի դատարանի կողմից, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից»։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանից բացի, այս գործով ևս 4 մեղադրյալ է անցնում։ Երկուսը՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նախկին գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը, գործի քննության ընթացքում մահացել են կորոնավիրուսից։ Դատարանը երեկ դադարեցրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ պայմանավորված մահվան հիմքով։

Մյուս մեղադրյալներն են գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը։

Ըստ ՀՔԾ-ի, 2013 թվականին, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ ու Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանն ու Գևորգ Հարությունյանն օժանդակել են, որ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը պետբյուջեից վատնի գուղատնտեսական աշխատանքների համար 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված կես միլիարդ դրամ գումարը:

Նախկին նախագահի փաստաբաններից՝ Ռուբեն Հակոբյանից ու մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ իրավական ինչպիսի՞ ընթացք կարող է ունենալ այս գործը, եթե հինգ մեղադրյալներից երկուսը նախաքննության ընթացքում մահացել են, որոնցից մեկն էլ Սերգո Կարապետյանն է, որը, ըստ մամուլի, Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողն է եղել։

«Գործով կան բազմաթիվ ապացույցներ, էդ ապացույցները պետք է հետազոտվեն, էդ հետազոտման արդյունքում դատարանը վերջնական որոշում կայացնի», - ասաց դատախազ Մարտիրոսյանը։

«Զուտ իրավական տեսանկյունից մեղադրանքը ակնհայտ ապօրինի է, արհեստածին է, և դրանում դուք կհամոզվեք դատաքննության ընթացքում։ Մահացած մեղադրյալների դեպքում դատարանը պետք է որոշի։ Նրանց ցուցմունքները դատաքննության ընթացքում կհրապարակվի, այնուհետև կգնահատվի այդ ցուցմունքների արժանահավատությունը, թույլատրելիությունը և դատական ակտ կայացնելու համար բավարարությունը», - նշեց փաստաբան Հակոբյանը։