Մատչելիության հղումներ

«Բացի այն գործը, որը գտնվում է դատարանում, Սարգսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ այլ քրգործով չունի»


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

«Բացի այն քրեական գործը, որը գտնվում է դատարանում, Սերժ Սարգսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ որևէ այլ քրեական գործով չունի», - այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, միաժամանակ ընդգծելով, որ նախաքննական մարմիններում կան վարույթներ, որոնք կարող են առերևույթ առնչություն ունենալ Սերժ Սարգսյանին։

Թե ի՞նչ գործեր են՝ դատախազությունը չի մանրամասնում։ Փոխարենը երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող մի գործով։

Չմանրամասնելով, թե ինչ գործ է, փաստաբանն ընդգծել էր՝ այդ գործը չի վերաբերում կաշառք ստանալու առերևույթ դեպքին, ինչի մասին գրել էր մամուլը։ Մակինյանը նաև ապատեղեկատվություն էր որակել այն լուրերը, թե երրորդ նախագահի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել և բացի դիզվառելիքի մասին գործից, ի՞նչ այլ գործեր կան երրորդ նախագահին առնչվող, Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Ճիշտն ասած չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել փաստաբանի հայտարարությունները, միայն կարող եմ նշել, որ կան վարույթներ, որոնցով քննություններ են տարվում, որոնք կարող են ընդամենը առերևույթ առնչություն ունենալ երրորդ նախագահի հետ: Ավելին ասել այս պահին նպատակահարմար չէ՝ ելնելով քննության շահերից»:

Հարցին էլ, թե քրեական վարույթներ ասելով նկատի ունի, որ հարուցված քրեական գործերի մասի՞ն է խոսքը, որոնք առերևույթ կարող են առնչվել Սարգսյանի հետ, գլխավոր դատախազի խորհրդականը պատասխանեց. «Թույլ տվեք այդ մասին ավելին չասել, քան այն, ինչ որ ես արդեն հրապարակել եմ»:

Իսկ թե ե՞րբ դատախազությունը փակագծեր կբացի, Աբրահամյանն արձագանքեց. «Դա կախված է հետագա գործի ընթացքից, պարզելիք հանգամանքներից, ձեռք բերվելիք ապացույցներից: Միայն կարող եմ նշել, որ բացի այն քրեական գործը, որը գտնվում է արդեն դատարանում, Սերժ Սարգսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով որևէ քրեական գործով չի անցնում»:

Ազգային անվտանգության ծառայությունից առայժմ չեն պարզաբանում, թե ինչ գործի շրջանակներում է Սերժ Սարգսյանը որպես վկա հրավիրել հարցաքննության՝ խոստանալով հարցին պատասխանել գրավոր հարցման դեպքում։

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությանն (ՀՔԾ), ապա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Սերժ Սարգսյանին վերաբերող կաշառքի գործ իրենց մոտ չի քննվում, ինչի մասին գրել էր մամուլը։

«Ազատության» հացին, թե առհասարակ, երրորդ նախագահին առնչվող որևէ գործ այս պահին կա՞ ՀՔԾ-ում, Օհանջանյանը պատասխանեց, թե քննվող որևէ գործով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի։

Հիշեցնենք, երրորդ նախագահն այս պահին մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ: Խոսքը հայտնի դիզվառելիքի գործի մասին է, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն և գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս գործն արդեն դատարանում է։

Երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները հերքում են Սարգսյան-Քոչարյան հանդիպման մասին լուրերը

Ի դեպ, ուշագրավ է, որ մամուլը գրել էր, թե անցած շաբաթ Սերժ Սարգսյանի ԱԱԾ այցելությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մասնավորապես, որ հարցաքննությունն ընդամենը պատրվակ է եղել, որպեսզի Սերժ Սարգսյանը մուտք գործի ԱԱԾ շենք և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին։

Ըստ մամուլի, Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում երկարատև հանդիպում է ունեցել Քոչարյանի հետ։ Սակայն երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման հանդիպում չի եղել՝ ընդգծելով, թե հասկանում են «կասկածելի նպատակներով հորինվածքներ հրապարակ նետելու դրդապատճառները»:

Քրեակատարողական հիմնարկում 2 նախագահների հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

XS
SM
MD
LG