«Ադրբեջանի նախագահի այցը երկրի տարածքներ չի կարող քննարկման հարց լինել»․ Բաքուն արձագանքել է Երևանին

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը երկրի տարածքներ չի կարող քննարկման հարց լինել»,- ի պատասխան Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Հայաստանը մինչև հիմա չի գիտակցել, որ պետք է հեռու մնա նման հռետորաբանությունից և իրեն տրամադրի եռակողմ հայտարարությունների իրականացմանը։ Սեփական բնակչությանը վտանգավոր մտքերով և ռևանշիզմի գաղափարներով թունավորելը որևէ լավ բանի չի հանգեցնի»,- ասվում է ադրբեջանական արգործնախարարության հայտարարությունում։

Հադրութի շրջանում և Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ըստ պաշտոնական Երևանի, «հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու բացահայտ մտադրություն են»։

«Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել», - նաև ասվում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։