Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ-ն Ալիևի «այցերն Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի հետագա ագրեսիվ պլանների մարմնավորում է» որակում


Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի օկուպացված Հադրութի շրջան, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով՝ այցի ժամանակ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

«Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Արցախը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, նշում է Արցախի արտգործնախարարությունը և կոչ անում համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

«Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Հիշեցնենք՝ օրերս Ալիևը կնոջ և դստեր ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլիի և Հադրութի շրջաններ։ Այս ուղևորության ընթացքում ադրբեջանական իշխող ընտանիքի անդամները կրում են զինվորական համազգեստ, մեքենան անձամբ վարող Ալիևը պատմում է ադրբեջանական բանակի «հերոսություններից», հայհոյում է հայերին, տեղ հասնելուն պես բարձրացնում ադրբեջանական հսկայական դրոշ, ելույթ ունենում զորքի առաջ, ձեռքը բռունցք դարձրած հերթական սպառնալիքներն ու վիրավորական արտահայտությունները հնչեցնում հայկական կողմի հասցեին։ Արդեն ավանդույթ դարձած այս օրակարգի մաս է կազմում ևս մեկ պարտադիր դրվագ՝ այց հայկական եկեղեցի, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ դա ոչ թե հայկական, այլ ալբանական եկեղեցի է։

Հադրութի շրջանում գտնվող հինավուրց եկեղեցիներին մեկում էլ նույն պնդումները հնչեցին՝ տաճարը ոտքից գլուխ կեղծ է՝ ո՛չ գրությունները, ո՛չ նախշազարդերը, ո՛չ ճարտարապետությունը հայկական չեն։

Ինչպես այս կադրերում, այնպես էլ պատերազմից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակած գրեթե բոլոր լուսանկարներում Բաքվի վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա բացակայում են խաչերը, հայկական գրություններն ու հայ եկեղեցուն բնորոշոր խորհրդանիշերը։

XS
SM
MD
LG