Թուրքիայի դատախազությունը դիմել է ՍԴ` ընդդիմադիր կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով

Թուրքիայի դատախազությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով արգելել ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական (HDP) կուսակցության գործունեությունը, որն իր մեծությամբ երրորդ խմբակցությունն ունի խորհրդարանում։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք ավելի քան 11 տոկոս ձայն էին ստացել և 55 մանդատ ունեն 600 տեղանոց խորհրդարանում։ Դատախազությունը պահանջում է կուսակցությանը զրկել պետական որևէ ֆինանսավորումից, արգելել անդամների քաղաքական գործունեությունը, ներառյալ նախկին առաջնորդներին։

Այդ կուսակցության անդամներից է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Դատախազությունը քրդամետ համարվող կուսակցությանը մեղադրում է քուրդ զինյալների հետ ենթադրյալ կապերի մեջ։ Սահմանադրական դատարանին չորեքշաբթի ներկայացրած հայցում դատախազությունը նշել է, թե որևէ տարբերություն չկա Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալ խմբավորումների միջև։ Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ դատախազության մեղադրանքում նշված է` Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը դարձել է երկրի անքակտելի միասնությունը խախտող գործողությունների կենտրոն, և որ նրանք ակտիվ դերակատարություն ունեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն անձնակազմ մատակարարելու գործում։

Reuters-ը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները երկար տարիների ընթացքում ճնշումների են ենթարկում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, և հիմա կուսակցությունը փակելու նախաձեռնությունը այդ ճնշումների գագաթնակետն է։

Քրդամետ քաղաքական ուժի աջակիցներից Ավիդին Կարամանին Reuters-ին ասել է․ «Դրա արդյունքում Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շրջանակներն ու ընտրողները մեծ վնաս չեն կրի։ Ինչպես միշտ պայքարը կշարունակվի ավելի ուժեղ, բայց սա մեծ վնաս կհասցնի Թուրքիայի հասարակությանը։ Այն խորը վերքեր կբացի։ Ցավոք, սա արվում է իշխանությունը պահելու համար, բայց կհանգեցնի հակառակ արդյունքի»։

ԱՄՆ-ն և եվրոպական երկրները քննադատել են Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությունը։ Իսկ Անկարան այդ քննադատությունները համարել է միջամտություն Թուրքիայի արդարադատության համակարգին և կոչ է արել հարգել իրավական գործընթացը։

«Յուրաքանչյուրը պետք է սպասի այդ հարցով Սահմանադրական դատարանի որոշմանը։ Մեկնաբանել ընթացող դատական գործընթացը հավասարազոր է միջամտել դատական համակարգին»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Սակայն թուրք պաշտոնյաներն ու քաղաքական ազգայնական գործիչները հրապարակավ պաշտպանում են դատախազության միջնորդությունը` մեղադրանքեր լցնելով Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության վրա։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ ու Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ու հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթընը Թվիթերի իր էջում գրել է․ «Անվիճելի փաստ է, որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն օրգանական կապ ունի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը համարում են ահաբեկչական կառույց։ Արդյոք այդ հարաբերությունները պահանջում են փակել այդ կուսակցությունը, թե՞ այլ պատժի կիրառում, այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը»։

Թուրքիայի իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր, Ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր հայտարարել է, թե Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հանցավոր կազմակերպություն է քաղաքական հանդերձանքով։ «Նրանց փակելը առանց ուրիշ անվանումով վերաբացվելու իրավունքի հանդիսանում է պատվի պարտք պատմության, արդարության, մեր երկրի ու գալիք սերունդների համար»,- Անկարայում հայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդը իրենց կուսակցության համագումարում։

Որոշ վերլուծաբաններ դատախազության հայցը բացատրում են իշխող կուսակցության և նրանց դաշնակից ազգայնականների վարկանիշի անկմամբ։ Ժովովրդա-դեմոկրատական կուսակցությունն ասել է, թե փակվելու դեպքում կվերախմբավորվեն` ստեղծելով նոր կուսակցություն, սակայն դա բավականին դժվար կլինի, քանի որ դատախազը պահանջել է կուսակցության 600 առաջատար անդամներին 5 տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։