ԱԱԾ աշխատակիցը կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից, հաղորդում է ՀՔԾ-ն

Ազգային անվտանգության ծառայության բաժիններից մեկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020-ի հունվարի 9-ին ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության,ս տուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածից վեր բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Հարությունյանի կողմից այս գործողությունը շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կատարված լինելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ ՀՔԾ-ի, տվյալներ ձեռք չեն բերվել, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Հարությունյանը, այսինքն` չի հաստատվել, որ վերջինիս կողմից ստացված` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկատվությունը պահվել, որևէ կերպ օգտագործվել կամ տարածվել է նրա կողմից կամ նրա գործողությունների կամ անգործության հետևանքով:

«Նկատի ունենալով, որ չի հաստատվել Ս. Հարությունյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի պարտադիր հատկանիշների` սուբյեկտիվ կողմի և արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, 2021 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, միջնորդագիր է ներկայացվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ԱԱԾ ծառայողին վերագրվող ոչ իրավաչափ գործողությունները քննարկման առարկա դարձնելու համար:

Փաստաբան Երեմ Սարգսյանը, նշենք, իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Սերոբ Հարությունյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ունի արդարացվածի կարգավիճակ:

Նախորդ տարվա փետրվարին քրեական գործ էր հարուցվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և որպես դրա հետևանք այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու դեպքերի առթիվ: