Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբանն էլ է դժվար կողմնորոշվում՝ իր պաշտպանյալն աշխատանքից ազատված է, արձակուրդում է, թե այլևս արձակուրդում չէ ու շտաբի պետի գործող տեղակալ է։
«Ո՛չ արձակուրդում է, ո՛չ արձակուրդից հանված է, այսինքն` չափազանց անհստակ մի իրավիճակ է, և սա է հենց կոչվում իրավական անվտանգության խախտում», - ասում է Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչը:
Վարուժան Ավետիքյանն այսօր Վարչական դատարան էր եկել նոր միջնորդություններով: Մինչև այս դատարանը վարույթ էր ընդունել գեներալ-լեյտենանտ Խաչատրյանի հայցադիմումը՝ իր ազատման հրամանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Տիրան Խաչատրյանն աշխատանքից ազատվեց վարչապետի առաջարկով՝ նախագահի հրամանագրով 3 շաբաթ առաջ։
Նրա փաստաբանը պնդում է՝ ազատման հրամանագիրը կասեցվում է, մինչև դատարանը որոշում կկայացնի, մինչդեռ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի հրամանով գեներալն անցել է կադրերի տրամադրության տակ։ Այս մասին երեկ խոսեց նաև խորհրդարանական հանձնաժողվի նախագահը: «Ես ինչքան գիտեմ, երեկ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով Տիրան Խաչատրյանը գտնվում է կադրերի ռեզերվում արդեն, նա պետք է աշխատանքի չգնա, մեքենան էլ պետք է հանձնեն», - ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
Տիրան Խաչատրյանի փաստաբանը, սակայն, պնդում է՝ ազատման գործընթացը պետք է կասեցվեր, այն, ինչ տեղի է ունենում, հակաօրինական է։ Մարտի 10-ից իր պաշտպանյալն արձակուրդում է եղել, 5 օր անց պաշտպանության նախարարը նրան նոր հրամանով հետ է կանչել արձակուրդից ու շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել հանել նրան անձնակազմի ցուցակներից. «Սա էլ արդեն ընդունվում է մարտի 15-ին, այսինքն` այն պարագայում, երբ որ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները շատ լավ գիտեին, որ այդ ակտը կասեցված է: Սա, իհարկե, չափազանց զարմացրեց մեզ, թե ինչու է այդպես արված: Եվ այսօր մենք ստիպված եղանք արդեն դատարան ներկայացնել, քիչ առաջ մենք ներկայացրինք համապատասխան միջնորդություններ, որով այս լրացուցիչ անօրինական ակտերի, որովհետև կարծում ենք, որ սրանք անօրինական ակտեր են, փորձենք դատական կարգով սրա դեմն առնել»:
Կասցեված ակտի, այսինքն` ազատման հրամանագրի վերաբերյալ նոր ակտեր են ընդունվում, զարմանում է փաստաբանը՝ պաշտպանության նախարարի հրամանը համարելով անօրինական։ Կարող է արդյոք Վարչական դատարանում քննարկվել շտաբի պետի առաջին տեղակալի ազատման նախագահի հրամանագիրը, և արդյոք այդ ընթացքում կասեցվում է ազատման գործընթացը. այս հարցը փաստաբանական համայնքում տարբեր պատասխաններ ունի։ Փաստաբան
Կարեն Թումանյանն ասում է՝ նման հարց կարող է քննարկել Սահմանադրական դատարանը, միաժամանակ նկատում՝ Խաչատրյանը բարձր դատարան ուղիղ դիմելու իրավունք չունի. «Եթե վիճարկվում է նախագահի հրամանագրի համապատասխանությունը Սահմանադրությանը, այդ տեսակետից Սահմանադրությունն են դատաքննելու, կամ եթե վիճարկվում է երկու սահմանադրական մարմինների միջև եղած վեճը, այսինքն` եթե դիմողն ասում է, որ նախագահն իրավունք չուներ ինձ ազատելու, ապա 168 հոդվածի 4-րդ կետի շրջանակներում լուծման ենթակա հարց է»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վստահ է՝ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան իր ազատման վերաբերյալ որոշումը կարող է վիճարկել, հակառակը իրավունքի խախտում կնշանակի, քանի որ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն Խաչատրյանը չունի. «Այդ դեպքում նախագահի հրամանագիրը համարվում է անհատական իրավական ակտ, իրավական ակտի տեսակ է, որն ունի կոնկրետ հասցեատեր և կոնկրետ միայն այդ հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վրա է ազդեցություն գործում»:
Մի քանի շաբաթ է` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ու նրա առաջին տեղակալի աշխատանքից ազատման պատմությունները քննարկման թեմա են: Վարչական դատարան է դիմել նաև Օնիկ Գասպարյանը։ Գլխավոր շտաբը նոր ղեկավարի պաշտոնակատար ունի, իսկ Տիրան Խաչատրյանը, փաստաբանի տեղեկացմամբ, երեկ օրինակ՝ շտաբում էր. «Երեկ, ես որքան գիտեմ, նա եղել է գերագույն շտաբում, ապա հանդիպել ենք մեր գրասենյակում»: