Կապանի մերձակա ԶՈւ հենակետում տիրող վիճակի մասին տեսանյութի առնչությամբ քրգործ է հարուցվել

Կապանի մերձակայքում տեղակայված Զինված ուժերի մարտական հենակետում տիրող վիճակի մասին տեսանյութի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի [անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ] 3-րդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար։

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Օրերս սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ Դատախազությունը հայտնեց, որ տեսանյութի առնչությամբ նյութեր են պատրաստվում։