Նավալնի.«Չէի պատկերացնում, որ Մոսկվայի հարևանությամբ կարող է համակենտրոնացման ճամբար գործել»

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երկուշաբթի երեկոյան հաստատել է ավելի վաղ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունները, որոնց համաձայն, ինքը պատժաչափը կրելու նպատակով տեղափոխվել է Մոսկվայից հյուսիս գտնվող Վլադիմիրի մարզի թիվ 2 ուղղիչ աշխատանքային գաղութ։

Ընդդիմադիր գործչի գտնվելու վայրի մասին տեղեկությունները բացակայում էին նախորդ շաբաթվանից։

Ազատազրկման վայրի մասին տեղեկությունները Նավալնին հրապարակել է «Ինստագրամի» իր օգտահաշվում՝ զետեղելով նաև կալանավայրում արված լուսանկարը։

«Ստիպված եմ խոստովանել, որ ռուսաստանյան բանտային համակարգը կարողացավ ինձ զարմացնել։ Չէի պատկերացնում, որ Մոսկվայից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա կարելի է իսկական համակենտրոնացման ճամբար ստեղծել», - գրել է Նավալնին:

Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից Գերմանիայում բուժումը ավարտելուց հետո Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել, ապա կալանավորվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ընդդիմադիր գործչի մեղադրանքները Արևմուտքում շինծու են համարում, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ի պատասխան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։