Ըստ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի՝ ռազմական դրության պահպանումը քաղաքական բնույթ ունի

Իշխանությունը քաղաքական նպատակներով է պահպանում գրեթե կես տարի շարունակվող ռազմական դրությունը, համոզված են խորհրդարանական ընդդիմադիրները։ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն այսօր քննարկում էր ռազմական դրությունը վերացնելու՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը։

«Ըստ իս, ինքը այդ ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին և ասեմ ավելին՝ հանդիսանում է շատ լուրջ խոչընդոտ քաղաքական բոլոր զարգացումների», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Մինչդեռ իշխանական պատգամավորները որևէ խոչընդոտ չեն տեսնում ռազմական դրության պայմաններում, հատկապես, երբ դեկտեմբերին արդեն իսկ որոշակի սահմանափակումներ վերացվել են: Չի արգելվում հավաքների, գործադուլների կազմակերպումն ու մասնակցությունը:

«Ինչքան տեսնում եմ՝ Դեմիրճյան փողոցը փակ է, Բաղրամյանը փակ է, ինչքան ուզում են միտինգ են անում, այդ առումով քաղաքական խոչընդոտ կա՞», - ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արձագանքում է՝ ռազմական դրության պայմաններում իրենք զրկված են վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունից։

«Գոյություն ունեն իրավական որոշակի քայլերի տրամաբանություն, օրինակ, նույն վարչապետի հրաժարականի մասը, որը ռազմական դրության կիրառման ժամանակ պարզապես հնարավոր չէ, որովհետև օրենքն արգելում է», - նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ռազմական դրության պայմաններում ընդդիմադիրները ոչ միայն վարչապետին անվստահություն հայտնել չեն կարող, այլ ավագանին՝ քաղաքապետին ու երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում, նկատում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իջևան քաղաքում ընտրություն էր նշանակված, որը հետաձգվեց, որովհետև ռազմական դրությունը չի հանվել: Էլի կան տեղական ինքնակառավարման տարբեր տարածքներում ընտրություններ, որ ռազմական դրության պատճառով չեն իրականացվել, այսինքն Հայաստանում սահմանափակված է ժողովրդավարությունը, ժողովրդավարական գործընթացները, ընտրություններ ՏԻՄ մակարդակում, ժողովրդավարությունը խորհրդարանի մակարդակում, որովհետև մենք չենք կարող իմփիչմենթի գործընթաց սկսել», - նշեց Մարուքյանը:

«Մենք ինչո՞ւ չենք ասում՝ ինչի է ընդհանրապես ռազմական դրությունը սկսվել, ինչո՞ւ չենք ասում, որ տարածաշրջանում իրականացվում են զորավարժություններ հայտնի պետություններում, ինչո՞ւ չենք ասում, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվում է իրականացվել մասշտաբային զորավարժություններ», - նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հաստատված հրադադարի պայմաններում շարունակվող ռազմական դրությունը պայմանավորված է սահմանային բազմաթիվ խնդիրներով ու բանակի վերակազմավորման գործընթացներով, պնդում է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով՝ պետք է սպասել երկրի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների առաջարկին, թեև կարծում է՝ նման առաջարկ կառավարությունը առաջիկա օրերին կանի։

«Եթե վերանան այն բոլոր հիմքերը, որոնց պատճառով այս դրությունը մտցվել է, իհարկե, մեկ օր շուտ պետք է այս ռազմական դրությունը հանվի: Ես տեսնում եմ, որ ձեր ներկայացրած նախագծի և կառավարության ներկայացրած որոշման միջև տարբերությունը կարող է, ըստ ինձ, տևել 7 կամ 10 օր: Այսինքն՝ կարծում եմ այս տարբերությամբ արդեն կառավարությունն ինքը կնախաձեռնի ռազմական դրությունը հանելու որևէ նախագիծ», - նշեց Խաչատյանը:

Իշխող ուժի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ռազմական դրության վերացումը քաղաքական պայմանավորվածությունների հետ է կապում. «Ինչքան շուտ ստեղծենք էն ներդաշնակ քաղաքական պայմանները կամ պայմանավորվածությունները, անմիջապես ռազմական դրությունը, բնականաբար, չի պահպանվի քաղաքական այդ փոքր կոմպոնենտի առկայության դեպքում, որովհետև ընտրություններ են լինելու արտահերթ, իսկ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել»:

Ռազմական դրությունը վերացնելու՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների որոշման նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, ընդդիամդիրների առաջարկին դեմ է իշխող ուժը։