Մյանմայում այս գիշեր ոստիկանությունը կրկին կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ

Մյանմայում, ըստ հաղորդումների, այս գիշեր ոստիկանությունը կրկին կրակ է բացել զինվորական հեղաշրջման դեմ պայքարող ցուցարարների ուղղությամբ, սպանվել է առնվազն երեք մարդ։

Երկրում բողոքի ցույցերը չեն դադարում փետրվարի սկզբից, երբ զինվորականությունը տապալեց քաղաքացիական իշխանությունն ու կալանքի տակ առավ երկրի առաջնորդներին։ Մինչ օրս, ըստ տեղական լրատվամիջոցների, բռնաճնշումների զոհ է դարձել ավելի քան 70 ցուցարար, երկու հազարը ձերբակալվել են։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ նահանգները, պատժամիջոցներ են սահմանել զինվորականության դեմ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն, մինչ օրս չի հաջողվում դատապարտող հայտարարություն ընդունել՝ Չինաստանի, Վիետնամի, Հնդկաստանի ու Ռուսաստանի ընդդիմության պատճառով։