Տիրան Խաչատրյանը շարունակում է աշխատանքի գնալ, հայտնում է փաստաբանը

Հայաստանի վարչապետի առաջարկով, ապա նախագահի հրամանագրով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է գործի գնալ: Այս մասին տեղեկացանք Խաչատրյանի շահերի պաշտպանությունն ստանձնած փաստաբանական ընկերության ղեկավար Վարուժան Ավետիքյանից:

«Իմ վերջին տեղեկություններով, այո, ինքը ներկայանում է աշխատանքի», - ասաց Ավետիքյանը:

Գեներլա-լեյտենանտը օրեր առաջ վարչական դատարան է դիմել իր ազատման հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդում ենք՝ հայցադիմումը վարույթ է ընդունվել, առաջին դատական նիստը ապրիլի 29-ին է։ Պատասխանող կողմը Հայաստանի նախագահն է, իսկ որպես երրորդ կողմ ներգրավված են վարչապետ Փաշինյանն ու Գլխավոր շտաբը։ Փաստաբան Ավետիքյանը պնդում է՝ այսպիսով Տիրան Խաչատրյանի ազատման հրամանագիրը կասեցվում է՝ մինչև դատարանը որոշում կկայացնի:

«Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածն է, որ ասում է՝ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, և դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչև վերջնական դատական ակտ կլինի այդ գործով», - նշեց Վարուժան Ավետիքյանը:​

Օրենքում գրված է՝ կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ այստեղ կասեցնելու բան չկա. «Կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։ Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է»։

«Պարոն Բադասյանի պնդման հետ, որ դատարանը իրավունք չուներ, հիմա ճիշտ բառը չեմ հիշում՝ ինչ բառ է օգտագործել, չի կարող կասեցնել, թե իրավունք չուներ, ես ինչ-որ առումով համաձայն եմ, որովհետև օրենքն արդեն կասեցրել է դա», - նշեց Ավետիքյանը:​

Փաստաբանը վստահ է՝ բարձրաստիճան զինվորականին պաշտոնից ազատելը կատարում ենթադրող գործընթաց է, ընդ որում՝ կարող է 1-2 ամիս տևել նաև այն դեպքում, եթե մարդը որոշեր հեռանալ իր դիմումի համաձայն. «Պետք է տեղի ունենա ընդունում-հանձնում փաստաթղթերի, չէ՞ որ Գլխավոր շտաբի պետի տեղակալը որպես բարձրագույն զինվորական աստիճան զբաղեցնող անձ տիրապետում է որոշակի փաստաթղթերի, որոշակի տեղեկությունների, և դրանք ամբողջը պետք է հետ հանձնվեն, վերադարձվեն, և դա որոշակի գործընթաց է նախատեսում: Օրենսդրությամբ դրանք ամրագրված են»:​

Թեպետ Գլխավոր շտաբի աշխատանքից ազատված տեղակալը գործի գնում է, Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում նրա նկարն ու կենսագրականն արդեն չկան։ Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը այս պատերազմի օրերին Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում ստացավ՝ ինչպես հիմնավորվել է մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։

Խաչատրյանի պաշտոնանկությունը վրա հասավ չպայթած «Իսկանդեր»-ի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրա փաստաբանն ասում է՝ չգիտեն, թե ինչո՞ւ է ազատվել շտաբի պետի տեղակալը, կարգապահական, ծառայողական որևէ թերացում չի նշվել, միայն մամուլում է կարդացել, որ «Իսկանդեր»-ի վերաբերյալ նրան հարց են ուղղել և ինքը ծիծաղել է. «Եթե իսկապես դա է, ապա դա իրավական հիմք չէ մարդուն աշխատանքից ազատելու համար»​

Ամենաբարձր մակարդակով Ռուսաստանից ու Հայաստանի կառավարական շենքից հաստատեցին՝ «Իսկանդեր»-ի հետ կապված Փաշինյանին ճիշտ չի զեկուցվել։

Ըստ մամուլի՝ ինչ-որ պահի ծիծաղը չզսպած բարձրաստիճան զինվորականի աշխատանքից ազատման գործընթացը կանգ չառավ: Արդյոք նրա պաշտոնանկությունն ունի՞ այլ հիմքեր, փաստաբանն ասում է՝ հայտնի չէ։