Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։
«Դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Դրանում ռուսական կողմը գոհունակությամբ է արձանագրում, որ հրադադարի ռեժիմը «անշեղորեն պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն և հանգիստ է»։
Կրեմլի փոխանցմամբ` «Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով մեկ և Լաչինի միջանցքում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի գործողությունների արդյունավետությունը»։
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաարգելափակմանը վերաբերող հարցերին. «Այդ համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը»։
Հաղորդագրության համաձայն` մտքեր են փոխանակվել նաև ռուս-ադրբեջանական ու ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ։