Ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման հարցով ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին։
Սլովակիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է, երբ վարչապետ Իգոր Մատովիչն առանց իշխող կոալիցիայի համաձայնությունը ստանալու Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել Sputnik V ձեռք բերելու նպատակով։
Այս իրադարձությունը կոշտ արձագանք է հարուցել երկրում։ Նախագահ Զուզանա Չապուտովան անընդունելի է համարել ի հեճուկս Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կառավարության կամքի, առանց Եվրամիությունում դեղամիջոցի գրանցման ռուսական պատվաստանյութ գնելը։
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցով ներքաղաքական սկանդալ է ծագել նաև Սլովակիային սահմանակից Չեխիայում, որտեղ իշխանության մի մասը պնդում է, որ դեղամիջոցը պետք է ձեռք բերվի մինչև Եվրամիության կողմից հաստատվելը, մի մասն էլ անթույլատրելի է համարում ներկրումն առանց Բրյուսելի հավանության։