Մարտի 16-ից 20-ը Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ շուրջ 7500 զինծառայողի մասնակցությամբ

Հայաստանի Զինված ուժերը պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:

Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին, ինչպես նախարարությունն է հայտնում, ընդգրկվում են շուրջ 7 հազար 500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Նշենք, որ Ադրբեջանի զինուժը ևս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին կշարունակվեն 4 օր։