«Թռչունները ինձմե բախտավոր էին, դուրսն էին». Մարալ Նաջարյան

Չորս ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը երեկ Բաքվի բանտից տեղափոխվել է Ստամբուլ, ապա Բեյրութի չվերթով հասել ծննդավայր: Հարազատները Լիբանանի Կարմիր խաչից երեկ կեսօրին են ստացել նրա ավիատոմսի պատճենը՝ տեղեկացել, որ Մարալը ազատվում է գերության չարչարանքներից։ Այժմ նա իր Ռաուդա թաղամասի տանն է՝ մայրիկի, երեխաների ու հարազատների հետ:

«Շատ լավ եմ հիմա, որ ընտանիքիս տեսա, Աստված ինձ այս նվերը պարգևեց, շատ ուրախ եմ», - ասաց Նաջարյանը:

Մարալը Բաքվի երեք տարբեր բանտերում է եղել՝ անհույս, որ երբևէ կազատվի գերությունից. «Բնավ հույս չունի, ես կարծում էի, որ այնտեղ պետք է մահանամ»:

Ֆիզիկական վիճակը, ասում է Մարալը, լավ է, միայն հոգեբանի կարիք է զգում. «Ինձ այնտեղ չչարչարեցին, որովհետև երբ որ տեսան, որ ես իրենց որևէ բան չունեմ, դրա համար իրենք էլ ինձ չվնասեցին, բայց հոգեկանս անշուշտ վնասվեց»:

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը քրոջ` Անիի հետ Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո, որոշել էին վերաբնակեցման ծրագրով հաստատվել Արցախում: Բերձորում սպասում էին կառավարության խոստացած տանը, և օրեր անց պատերազմն էր սկսվել, վերադարձել էին Երևան: Նոյեմբերի 10-ին խաղաղության լուրը ստանալուց հետո, Մարալը ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ ճանապարհվել էր դեպի Արցախ, Բերձորից վերցրել էին Մարալի իրերը, ապա շարժվել դեպի Շուշի՝ Վիգենի իրերի հետևից, այդտեղ էլ գերեվարվել էին:

«Նույն գիշերը Ադրբեջան հասա և առավոտ կանուխ Բաքու տարան ինձ», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

Մարալի քույրը՝ Երևանում միայնակ մնացած Անին ասում է՝ միայն հիմա Մարալից է տեղեկացել, որ նրանք գերեվարվել են ոչ թե Բերձորի ճանապարհից, այլ Շուշիում, չիմանալով որ նոյեմբերի 10-ի դրությամբ այն այլևս հայկական չէր։ Որտեղի՞ց իմանային, հարցնում է Անին. «Ասում էին, որ Ջաբրայիլն ընկած է, մեկը ասում էր, որ, չէ, Ջաբրայիլը մերն է: Ասացին, որ Շուշի մտել են, հետո ասացին՝ չէ, ընկած չէ Շուշին»:

Պատերազմի ավարտից հետո 10-ից ավելի խաղաղ բնակիչ է գերեվարվել, նրանց թվում՝ Մարալն ու Վիգենը, ինչո՞ւ նրանց ոչ ոք չէր զգուշացրել, ասում է Անին։

Իսկ տաքսիստ Վիգենն ու վարսահարդար Մարալը ադրբեջանական կողմի համար մերձավորարևելյան ծագմամբ վարձկանների թեկնածուներ էին։ Վիգենին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, նա դեռևս գերության մեջ է։ Մարալին մինչև այժմ էլ ադրբեջանական լրատվամիջոցները պատերազմին մասնակցած մարտիկ են ներկայացնում: Մարալն ասում է՝ բանտում պարբերաբար հարցաքննվել է. «Կասկածում էին, որ ես լրտես կամ թարգմանիչ եմ»:

Ադրբեջանը նախորդ տարեվերջին վերջապես արձագանքել էր Ստրասբուրգի դատարանի դիմումին ու հաստատել, որ Մարալ Նաջարյանը գերեվարված է, իրենց մոտ է: Դրան հետևեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների այցը Բաքվի բանտ։ Մարալի Լիբանանում ապրող դուստրը, որդին դիմել էին տեղի կառույցներին։ Լիբանանի կառավարությունը բողոքի նամակով Բեյրութում Ադրբեջանի դեսպանատուն էր դիմել, Մարալի քույրը՝ Անին այստեղ էր տարբեր դռներ թակում:

«Մենք չգիտենք՝ ով ավելի շատ աշխատեց, ով ավելի քիչ աշխատեց, բայց բոլորին էլ շատ շնորհակալ ենք. Լիբանանին էլ, Հայաստանին էլ, Ռուսաստանին էլ և մեր անձնական բարեկամներին», - ասաց Անի Նաջարյանը:

Անին ասում է՝ Մարալի հետ շատ էին ցանկանում այստեղ ապրել-մնալ, չի կասկածում՝ գերությունից վերադարձած քույրը հենց ապաքինվի կցանկանա Հայաստան գալ, միայն թե սոցիալական խնդիրներ կան։ Ընտանիքն այս ընթացքում որևէ ծրագրից չի օգտվել:

«Ես դիմել եմ, մեկ ամիս հետո ինձ մերժված պատասխան եկավ, ասելով, որ մենք Արցախի գրանցում չունենք, և մենք չենք ապրել մինիմում երեք ամիս Արցախում», - պատմեց Մարալի քույրը:

Երևանում Անիի հեռախոսը չի լռում, Բեյրութում Մարալի շուրջ հավաքված հարազատներն են, դուստրը: Մայրը՝ տիկին Էլմաստը դեռ ուշքի չի գալիս:

Հայկական կողմի տվյալով՝ Բաքվում դեռևս շուրջ 200 հայ գերիներ են պահվում։ Մարալն ասում է՝ որևէ հայի, որևէ մարդու այս 4 ամսում չի տեսել. «Երանի տեսնեի, բայց ոչ գերի, ոչ էլ իրենց բանտարկյալներից ոչ ոքի չեմ տեսել»:

Խցում միշտ եղել է մեն-մենակ, որևէ մեկի հետ շփվելու հնարավորություն չի ունեցել, մաքուր օդ ու արևի երես չի տեսել. «Միայն վերևում փոքրիկ պատուհան կար, թռչուններին տեսնում էի, ասում էի՝ բախտավոր եք, դուրսն եք»:

Գերության մեջ գտնվողների ու նրանց հարազատների համար Աստծուց ուժ է խնդրում, որ դիմանան, ինչպես ինքը դիմացավ:

Ադրբեջանական բանտի մենյուն անգիր է արել, քանի որ այն անփոփոխ նույնն էր՝ 4 ամիս բրինձ, բորշչ, մակարոն, հնդկաձավար, խնձոր շաբաթը 3 անգամ: Առատաձեռն էին, Մարալը դառը ժպտում է ու սպասում մայրիկի ճաշին: