Հնարավո՞ր է չիմանալ, թե քանի հոգու ես զենք տվել ու պատերազմ ուղարկել և քանի հոգի չեն վերադարձել․ իրավապաշտպան

Պատերազմից 6 ամիս անց զոհերի, անհետ կորածների ու գերիների վերջնական թվեր, անուն-ազգանուններ չկան։ Հերացի փողոցի դիահերձարանի մռայլ շենքում, որտեղ գործում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, 248 մարմին ու մասունք դեռևս նույնականացված չէ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև այժմ 3684 փորձաքննություն է իրականացվել, 1972 մարմին նույնականացվել է դատագենետիկական փորձաքննությամբ, այսինքն՝ հարազատներից վերցված ԴՆԹ նմուշների միջոցով նույնականացվել ու պարզվել է զոհվածի ինքնությունն ու արյունակցական կապը։ Որոնումներից հետո այստեղ տեղափոխվող մասունքների նույնականացման աշխատանքը շարունակվում է։

Արցախում այս ամսվա սկզբից վերսկսվեցին որոնողական աշխատանքները, մինչև այդ ադրբեջանական կողմը շուրջ 15 օր հայ փրկարարներին թույլ չէր տալիս իրենց հսկողության տակ անցած տարածքներ մտնել։

«Մարտի 2-ից մինչև մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ընդհանուր հինգ աճյուն, որից երկուսը Արցախի հարավային թևից՝ Ջրականի և Վարանդայի շրջանից, մյուս երեքը՝ Մարդակերտից», - փոխանցում է Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ երեկ ու այսօր անհետ կորածների չեն որոնում եղանակի պատճառով։ - «Երեկ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով, այսօր առատ ձյան պատճառով։ Այս պահի դրությամբ որոշել ենք, որպեսզի վաղը դարձյալ հարավային շրջանում իրականացնենք փրկարար-որոնողական աշխատանքներ»։

Վերջին օրերին փրկարարներների որոնողական ջանքները մեծ արդյունք չեն տալիս։ Ներքին գործերի նախարարության խոսնակը շեշտում է, որ բոլոր տարածքները մանրամասն զննվել են, չկա մի հատված որտեղ մարմինների, մասունքների որոնում իրականացրած չլինեն։ Կշարունակեն փնտրել, միայն թե ունեն ենթադրություն, որ ադրբեջանական կողմը հայ զինծառայողների մարմիններ է հուղարկավորել․ - «Նախադեպ արդեն կա։ Երկու անգամ արդեն փոխանցեցին մեզ դիակներ»։

Պաշտոնական թիվ չկա, թե այս պահի դրությամբ քանի զինծառայող է համարվում անհետ կորած։ Արցախում, ոչ պաշտոնական տվյալով, շուրջ 400 հոգու են որոնում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մինչև այժմ անհայտ կորածների 1015 ընտանիքի է փոխհատուցում տրամադրել։ Սա այս պահին անհետ կորած համարվողների թիվը չէ, ճշտում է հիմնադրամի հատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը․ - «Սա չի նշանակում, որ էս պահին էդ բոլոր 1015 զինծառայողներն էլ համարվում են անհետ կորած։ Նրանց մեջ կան մարդիկ, ում գտնվելու վայրը հայտնի է դարձել, կան մարդիկ, ում դիակն է հայտնաբերվել»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում հավաքագրում են անհետ կորածների տվյալներ։ Գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի խոսքով, իրենց ընդհանուր առմամբ 680 զինծառայողի կամ քաղաքացիական անձի հարազատ է դիմել․ - «Այս ամբողջ ընթացքում մենք ֆիլտրել ենք, որովհետև եղել են, որ մարդիկ ողջ են գտնվել, ոմանց մարմինները, կամ գերության մեջ են հայտնվել։ Այս պահի դրությամբ 385 անհայտ կորածի անուններ մեզ մոտ առկա է»։

Ըստ Սադիկյանի, ծնողներից ստացած ահազանգերից պարզ է դառնում, որ Պաշտպանության նախարարության հրապարակած զոհերի ցանկերում ներառվել են զինծառայողների անուն-ազգանուններ, որոնց մարմիններն այդպես էլ չեն գտնվել, որևէ մասունք չի գտնվել․ - «5-10 տոկոսը անհայտ կորած են․ այսինքն՝ համարվում են պաշտոնապես զոհված, բայց ո՛չ մարմինը կա, ո՛չ վերադարձել են»։

Պատերազմական օրերի քաոսը շարունակվում է, շեշտում է իրավապաշտպանը․ վաղուց պետք է լինեին զոհերի, անհետ կորածների ցանկեր։ Դրանք ամեն ժամ կարող էին փոխվել, բայց նախ պետք է լինեին․ - «Հնարավոր էր գոնե ունենալ միասնական գրանցամատյան, կամ միասնական բազա, ինչը ի սկզբանե չեն ունեցել։ Նույնը փաստում են ծնողները, որովհետև նույն տվյալը իրենք հայտնել են տարբեր խողովակների։ Եթե ստեղծված էր անհայտ կորածների և գերիների հարցերով հանձնաժողով, դա պետք է մեկ խողովակով գնար»։

Հնարավո՞ր է չիմանալ, թե քանի հոգու ես զենք տվել ու պատերազմ ուղարկել և քանի հոգի չեն վերադարձել, հարցնում է Սադիկյանը՝ առանց պատասխանի ակնկալիքի․ - «Անկազմակերպ վիճակ է եղել էդ ամբողջ ընթացքում։ Եվ դա շարունակվում է»։

Այս բոլոր բացերը հատկապես լավ երևում են այժմ, երբ սոցիալական աջակցության ծրագրեր կան, ասում է իրավապաշտպանը։ Դեկտեմբերի վերջին Հադրութի անտառներից հրաշքով փրկված 6 զինծառայողները, որոնց մասին ողջ հանրապետությունն իմացավ, ամիսներ շարունակ հոսպիտալներում բուժվում էին, բայց վիրավորների ցանկում մեկ շաբաթ առաջ չկային։ Վիրավորների ցանկեր ընդհանրապես երբեք չեն հրապարակվել, իսկ զոհված զինծառայողների ցանկ Պաշտպանության նախարարութունը վերջին անգամ հրապարակել է 22 օր առաջ, այդտեղ 2364 անուն-ազգանուն է։