Հերթական քաղաքական սկանդալը Վրաստանում․ լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել վարչապետի և Իվանիշվիլիի որդու գաղտնալսված զրույցի ձայնագրությունը։
Զրույցին, որի ձայնագրությունը հրապարակել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը, մասնակցում են Վրաստանի ստվերային ղեկավարը համարվող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի՝ երգիչ Բերան, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ նրանց խոսակցության թեման սոցցանցերում Բերային վիրավորած դպրոցականին պատժելու գործողություններն են։ Բերան պատմում է, որ Չուբանիձեի հանձնարարությամբ մի խումբ մարդիկ գնացել են անչափահասի տուն, ահաբեկել, ստորացրել նրան և ստիպել դպրոցահասակ տղային հարևանների և ընտանիքի ներկայությամբ ներողություն խնդրել։ Ընդ որում, սա Բերայի կարգադրությամբ միակ հաշվեհարդարը չէր, քանի որ զրույցից պարզ է դառնում, որ Իվանիշվիլիի որդուն այլ վիրավորողներ էլ են եղել, Բերայի հորդորով Չուբանիձեն երկրորդ դեռահասին էլ է ստիպել ներողություն խնդրել։ Այսքանից հետո էլ, սակայն, Բերան և նրա հայրը գոհ չեն մնացել, ցանկացել են այդ ներողությունը ստանալ նաև գրավոր տեսքով, ինչին Ղարիբաշվիլին դրական է արձագանքում։
Խոսակցությունն ուղեկցվում է դրա մասնակիցների կոպիտ և ոչ պարկեշտ բառապաշարով, զրուցակիցներն անթաքույց չարախնդում են անչափահաս զոհերի վրա։
Թե երբ է տեղի ունեցել զրույցը, «Պիրվելի» հեռուստաընկերությանը հայտնի չէ, լրատվամիջոցը պնդում է, որ ձայնագրությունը փոխանցել են անհայտ անձինք։ Վրացական լրատվամիջոցներում և սոցցանցերում, այդուհանդերձ, մի քանի անուն է շրջանառվում՝ կան ենթադրություններ, որ գաղտնալսված խոսակցության ձայնագրությունը փոխանցել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կամ իշխող թիմը լքած այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ոչ Իվանիշվիլիի ընտանիքը, ոչ էլ վարչապետ Ղարիբաշվիլին առայժմ չեն արձագանքել ձայնագրության հրապարակմանը։ Փոխարենը՝ իշխող ուժից շտապել են հայտարարել, որ այն կեղծ է և մոնտաժված։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ ձայնագրությունը կազմված է տարբեր տարիների տեղի ունեցած խոսակցություններից, իսկ դրա մասնակիցներն այն ժամանակ քաղաքականությամբ չէին զբաղվում։
Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսած ընդդիմությունը համոզիչ չի համարում իշխանական ճամբարից հնչող բացատրությունները։ Ընդդիմադիր առաջնորդ Գիգա Բոկերիան պնդում է՝ այդ ձայնագրությունը ևս մեկ ապացույց է, թե որքան է վարչապետ Ղարիբաշվիլին կախված օլիգարխ Իվանիշվիլիի ընտանիքից։ Հենց այդ պատճառով, անկախ այն փաստից, թե երբ է արվել ձայնագրությունը, ընդդիմությունը պահանջում է կառավարության ղեկավարի անհապաղ հեռացում և արտահերթ ընտրություններ։
Սկանդալային ձայնագրությունը հրապարակվել է ներքաղաքական ծանր ճգնաժամի ֆոնին, որը հանգուցալուծելու համար ջանքեր են գործադրում Վրաստանի արևմտյան գործընկերները՝ այդ թվում Եվրամիության ղեկավարները։
Անցած հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով կրկին մեծամասնություն է ստացել «Վրացական երազանք»-ը, ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է։ Խորհրդարան անցած շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրներ հինգերորդ ամիսն է բոյկոտում են օրենսդիր մարմնի նիստերը։ Ներքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է սրվել ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման պատճառով։ Դրան, ի դեպ, դեմ էր այժմ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով թիմակիցների հետ այդ հարցով տարաձայնությունների ֆոնին որոշեց հրաժարական տալ։ Վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի հաստատումից ժամեր անց վրացական ուժայինները գրոհեցին երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ազգային միացյալ շարժման գրասենյակը և ձերբակալեցին քաղաքական ուժի առաջնորդ Մելիային։