Մատչելիության հղումներ

Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել դեռ չի ստացվում


Վրաստանում փորձում են ուղիներ փնտրել երկրի առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդին ազատ արձակելու և երկիրը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։

Ներսում և դրսից հնչող կոշտ քննադատության ֆոնին, սակայն, Վրաստանի իշխանությունը և ընդդիմությունն էլ ավելի են ամրապնդում իրենց անզիջելի դիրքերը` երկխոսության համար առաջ քաշելով նախապայմաններ։

Ընդդիմությունը երեկվանից ավտոերթ է սկսել Թբիլիսիից մինչև Ռուսթավի բանտ, որտեղ արդեն երկրորդ օրն է` կալանքի տակ է «Ազգային Միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։

«Նիկա՛, եղբա՛յր, պի՛նդ կաց»,- երեկ բանտի մոտ բղավում էր ավտոերթի մասնակից ակտիվիստներից մեկը. «Չնայած քեզ այդ մասին հիշեցնելու կարիք չկա։ Ամբողջ Վրաստանը քեզ հետ է, վաղը, մյուս օրը մենք ավելի շատ կլինենք, քան կարծում է «Վրացական երազանքը»: Մեր հաղթանակը անկասելի է, և դու շատ շուտով ազատ կարձակվես Բիձինա Իվանիշվիլիի անձնական կալանքից»։

Ընդդիմադիրները մտադիր են նաև գիշերել խորհրդարանի մոտ բացված վրաններում` զուգահեռաբար նախապատրաստվելով վաղը` փետրվարի 26-ին պլանավորած խոշոր հանրահավաքին։ Բացի Մելիայի և մյուս ակտիվիստների ազատ արձակումը, Վրաստանի ընդդիմությունը պահանջում է նաև բարեփոխել Ընտրական օրենսգիրքը և կարճ ժամկետում նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իշխանությունը հորդորում է այդ պահանջները փողոցում չանել։ Երեկ երկխոսելու առաջարկով է հանդես եկել Իրակլի Ղարիբաշվիլին: Հենց նրա՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում հաստատումից ժամեր անց վրացական ուժայինները գրոհեցին երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» գրասենյակը՝ ձերբակալելով քաղաքական ուժի առաջնորդ Մելիային։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ գրավի փոխարեն Մելիայի խափանման միջոց սահմանելով ազատազրկումը։ Քաղաքական գործիչը մեղադրվում է 2 019-ի ամռանը Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ընդդիմադիր առաջնորդի կալանավորմանը դեմ էր նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, ով թիմակիցների հետ այդ հարցով տարաձայնությունների ֆոնին որոշել էր հրաժարական տալ։

«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին այժմ ոչ թե առճակատման, այլ երկխոսության ժամանակն է։ Ես առաջարկում եմ բոլոր ողջամիտ ընդդիմադիր ուժերին մտնել խորհրդարան և օգտագործել օրենսդիր մարմինը` որպես քննարկումների գլխավոր հարթակ»,- երեկ հայտարարում էր Վրաստանի նորանշանակ վարչապետը, ով անցած օրերին անխնա քննադատում էր ընդդիմադիրներին, «սովորական հանցագործ» անվանում Մելիային։

Հայտարարության հասցեատերերը Ղարիբաշվիլիի առաջարկը որակում են «ցինիկ» և պատասխանում՝ «ոչ»։

Ընդդիմությունը պատրաստ է իշխող ուժի հետ երկխոսել բացառապես քաղաքական համաներման դեպքում: Բանակցությունների սեղանին պետք է ներկա լինի Նիկա Մելիան, երեկ հայտարարում էր ընդդիմադիր գործիչ Սերգո Չիխլաձեն։

«Բանակցություններից խուսափողը «Վրացական երազանքն է։ Երկխոսության համար նախ պետք է ազատ արձակվի քաղբանտարկյալ Նիկա Մելիան։ Իսկ եթե դա տեղի չունենա, և մեզ էլ ձերբակալեն, ուրեմն բանակցություններն առհասարակ կկորցնեն իրենց իմաստը», - ասում էր նա։

Ստեղծված փակուղային իրավիճակում Վրաստանի իշխանության ընդդիմախոսները ելքը տեսնում են բողոքի մարդաշատ ակցիաների կազմակերպմամբ և միջազգային գործընկերների կողմից պաշտոնական Թբիլիսիի վրա ճնշումները խստացնելու մեջ։ Երեկ արդեն Եվրամիությունից հնչող կոշտ ու քննադատական հայտարարություններին միացել են նաև Վաշինգտոնից։ Մի խումբ ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ դատապարտել են Մելիային և նրա համախոհներին ուժի գործադրմամբ կալանավորելու իրավապահների գործողությունը՝ ձերբակալված ընդդիմադիրներին անվանելով «քաղաքական բանտարկյալներ»։

XS
SM
MD
LG