Բողոքի ակցիա ՊՆ դիմաց՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի

Մի խումբ նախկին զինվորականներ ու այլ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Պաշտպանության նախարարության դիմաց՝ իրենց զորակցությունը հայտնելու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

Հավաքի կազմակերպիչներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրեց նախագահին ուղղված իրենց պահանջը՝ թույլ չտալ, որ Օնիկ Գասպարյանն ազատվի պաշտոնից և Սահմանադրական դատարան ուղարկել նրան պաշտոնանկ անելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի առաջարկը։ Զոհրաբյանն ընթերցելով Գասպարյանին ազատելու վերաբերյալ նախագահի առարկությունները, ընդգծեց՝ Սարգսյանն իր վերաբերմունքը փոխեց վարչապետի հետ հանդիպումից հետո, իսկ մինչ այդ նա սահմանադրական խնդիր տեսել էր։

«Ազատումը կարող է հանգեցնել զինվորական այդ խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Հիմա, եթե Հանրապետության նախագահը, որը դեռ օրեր ունի դիմելու Սահմանադրական դատարան, եթե նա չդիմեց Սահմանադրական դատարան, ստացվում է, որ նա ինքը դրդում է, որպեսզի այս հարցերը լուծվեն փողոցում, լուծվեն ոչ սահմանադրական ճանապարհով», - նշեց Արա Զոհրաբյանը:

Նախագահը մարտի 2-ին որոշեց չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը, միևնույն ժամանակ նա ոչ թե այդ ակտն ուղարկեց Սահմանադրական դատարան, այլ դիմեց բարձր դատարանին զինծառայության մասին օրենքի հարցով։

Ըստ փաստաբանների պալատի նախագահի, Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ը դեռ ժամանակ ունի Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին ակտը Սահմանադրական դատարան ուղարկելու համար. «Այս փուլում Հանրապետության նախագահը կարող է դիմել, և մենք ասում ենք՝ հարգելի Հանրապետության նախագահ, ինչո՞ւ ես այս երկու սահմանադրական մարմինների վեճը ասում՝ գնացեք, դուք ձեզանով լուծեք, բա Սահմանադրական դատարանից լավ հարթակ կա՞: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք քաղաքակիրթ լուծումների մասին, դրանից ավելի լավ, իդեալական ճանապարհ կա՞: Ասում ենք՝ թող Սահմանադրական դատարանը լուծի այս վեճը, բայց ամեն ինչ արվում է, որ Սահմանադրական դատարան չդիմի նախագահը: Հիմա մենք ուզում ենք գնանք և պնդենք, նախագահից պահանջենք՝ ինքը շատ է լռել, երբ որ Սահմանադրությունը բառիս բուն իմաստով պղծվեց, երբ որ Սահմանադրական դատարանի դատավորներին հանեցին Սահմանադրության փոփոխությամբ, որի իրավունքը չունեին Ազգային ժողովի պատգամավորները, հանրաքվեով իրենք կարող էին դատավորների կարգավիճակի հետ կապված հարց լուծել, իրենք դրեցին արեցին, Հանրապետության նախագահը ձայն չհանեց: Այսինքն՝ Հանրապետության նախագահը շատ հարցերում է լռում և հիմա էլ այս կարևոր ժամանակահատվածում, ինքը փորձում է անգործություն դրսևորել, և մենք հիմա այս հարցը սրելու միջոցով թույլ չենք տալու, որ նա անգործություն դրսևորի: Եթե դրսևորեց անգործություն, դրան հաջորդելու են որոշակի գործողություններ»:

Պաշտպանության նախարարության դիմաց հրավիրված հավաքի ընթացքում ելույթ ունեցողներն ընդգծեցին՝ Հայաստանը կանգնած է պետականության կորստի եզրին, այստեղ քաղաքական ու կուսակցական շահեր չկան, իշխանությունը հակառակորդին անհրաժեշտ պատասխան չի տալիս, այլ ընդհակառակը՝ արվում են քայլեր բանակի հրամկազմը գլխատելու ուղղությամբ։

«Ամբողջ աշխարհը՝ Ալիևից սկսած, հեգնում է օրվա իշխանությունները ներկայացնող անձի «Իսկանդեր» հրթիռի հետ կապված հերթական ցնդաբանությունը դուրս տալուց, Հայաստանի կողմից որևիցե արձագանք չեղավ և քավության նոխազ նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շատբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այս անձանց համար պատասխանատու այդ պաշտոններին գտնվող անձինք օգտագործված թաշկինակի նման դեն են նետում: Իրենց իշխանության օրերին փոխվել է երկու Գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ մի քանի տնօրեն, հետախուզության, հակահետախուզության վարչությունների պետեր», - ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

«Կարևորագույն ինստիտուտները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, 700 փաստաբան պահանջել է Փաշինյանի հրաժարականը, բժիշկներ, հոգևորականներ, պետական և հասարակական գործիչներ, և արդեն պատկերացրեք՝ ինչպես է դանակը հասել ոսկորին, որ զինվորականներն են միացել այդ պահանջին», - նշեց Փաստաբանների պալատի նախագահը։

Հավաքն ավարտելով, ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտա վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին միանալու և նախագահի հետ հանդիպում պահանջելու համար։