Լիտվան չի քննարկի Տիխանովսկայային արտահանձնելու Բելառուսի դիմումը

Լիտվան չի էլ քննարկի Բելառուսի գլխավոր դատախազության դիմումը՝ ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու հարցով, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Լիտվան եղել է և կմնա մի երկիր, որտեղ կարող են ապաստան գտնել ժողովրդավար ուժերը, որոնք հալածվում են բռնապետական վարչակազմերի կողմից», - ասել է արտգործնախարարը, հավելելով. «Բելառուսի ռեժիմին մենք մի բան կարող ենք ասել՝ ավելի շուտ դժոխքը կսառցապատվի, քան մենք կսկսենք քննարկել ձեր դիմումը»։

Բեառուսի իշխանությունները Տիխանովսկայային մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու փորձի համար և այսօր առավոտյան նրան արտահաձնելու հայցով դիմում էին ուղարկել Վիլնյուս։ Ընդդիմադիր առաջնորդ, նախագահության թեկնածու Տիխանովսկայան Լիտվայում է անցած տարվա նախագահական ընտրություններից հետո, որոնց պաշտոնական արդյունքներով` արդեն վեցերորդ անգամ հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի ընդդիմությունը բողոքարկում է այս արդյունքները՝ մինչ օրս շարունակվող ցույցերով։ Արևմտյան մի շարք երկրներ ևս Լուկաշենկոյի հաղթանակը չեն ճանաչել և պատժամիջոցներ են սահմանել նրա մերձավոր պաշտոնյաների նկատմամբ։