Բելառուսում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում տասնյակ լրագրողների և իրավապաշտպանների բնակարաններում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։
Հաղորդվում է, որ քննչական գործողություններ են իրականացվում մասնավորապես Բելառուսի Ժուռնալիստների միության, «Վեսնա» հայտնի իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցների բնակարաններում։ Ըստ Բելառուսի քննչական կոմիտեի՝ խուզարկությունների նպատակը «ընդդիմադիր գործունեության ֆինանսական հանգամանքները պարզելն է»։
Բելառուսում անցած տարվա օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր վեցերորդ անգամ նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ակցիաները չեն մարում։ Ցուցարարները պնդում են, որ ընտրությունները կեղծվել են, իրական հաղթողը Սվետլանա Տիխանովսկայան է, ով ճնշման տակ լքել է Բելառուսը։
Լուկաշենկոն հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ բողոքի ցույցերի ետևում կանգնած է Արևմուտքը։