Մյանմայում այսօր ևս զինվորականները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, սպանել մեկ մարդու

Մյանմար - Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում՝ ցրելու բողոքի ցույցը Յանգոնում, 4-ը մարտի, 2021թ․

Մյանմայում այսօր զինվորականները կրկին կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ և սպանել ևս մեկ մարդու, ով փողոց էր դուրս եկել փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ։

Ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերի ընթացքում, ըստ արևմտյան աղբյուրների, սպանվել է արդեն մոտ հինգ տասնյակ մարդ։

Չնայած զինվորականության բռնություններին՝ բողոքի ալիքը երկրում չի մարում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է այսօր այս հարցով նիստ անցկացնել։ Մինչ այդ, կառույցի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը պահանջել է խունտայից «դադարեցնել սպանություններն ու ցուցարարների ձերբակալությունները»։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պատժամիջոցներ են սահմանել հեղաշրջման ետևում կանգնած զինվորականների դեմ։ Չնայած միջազգային ճնշմանը՝ գեներալիտետն առայժմ զիջման գնալու որևէ քայլ չի անում և շարունակում է տնային կալանքի տակ պահել քաղաքացիական առաջնորդներին։