«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր դեմ հարուցված քրեական գործն «իսկական քաղաքական հետապնդում է» որակում։
Հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Մանուկյանը հայտարարել է՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», - ասել է նա:
Մանուկյանի այս հայտարարությունների մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, նա ներգրավվել է որպես մեղադրյալ։
Կոմիտեն այսօր հարցաքննության է կանչել Մանուկյանին, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», և որպես խափանման միջոց է կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Մանուկյանն այսօր ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Չեմ ընդունում։ Ես ասել եմ այն, ինչ ասել եմ, թող իրենք որոշեն՝ դա ինչ է նշանակում։ Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն այդ պայքարը։ Այս պայքարն իմ քմահաճույքը չի, սա իսկապես համաժողովրդական փրկության միակ ելքն է՝ ազատվել այս վարչապետից, կառուցել նոր դեմոկրատական, ազգային պետություն։ Դա ժողովրդի ցանկությունն է և ժողովուրդն իր ցանկությունը կկատարի, անկախ նրանից ես կկալանավորվեմ, թե՞՝ ոչ», - Քննչական կոմիտեի մուտքի մոտ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանուկյանը՝ նշելով, որ անհանգստություն չունի։
Նա ընդգծեց՝ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել։ «Մեր երկրում գոնե վերջին երկուսուկես տարվա ընթացքում անընդհատ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ընդ որում երկրի ղեկավարի կողմից։ Ամենավերջիններից որն ինձ համար ճչացող է՝ պատերազմի խայտառակ պարտությունից հետո արդեն ոչ ռազմական պայմաններում նա [Նիկոլ Փաշինյանը] շարունակում է տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը և խախտումը Սահմանադրության։ Նրա դեմ պետք է քրեկան գործեր հարուցել և հետապնդել», - ասաց Վազգեն Մանուկյանը։