Ըստ Պեսկովի, նոր պատժամիջոցների սահմանումը միջամտություն է Ռուսաստանի ներքին գործերին

Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը խորանում է: Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Նավալնիի գործի շրջանակում արևմտյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն է, ինչն անթույլատրելի է: Պեսկովը նաև հավելել է՝ Կրեմլում միայն կարող են ափսոսանք հայտնել, որ «մեր ընդդիմախոսները դիմում են հենց այսպիսի մեթոդների, որոնք կործանարար ազդեցություն ունեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա»:

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան պատժամիջոցները համարում է անհեթեթ, ոչ մի հիմնավորում չունեցող, ինչպես նաև ոչ էֆեկտիվ և իմաստազուրկ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե նոր պատժամիջոցներով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը Եվրամիության հետ միասին հակառուսական թշնամական հարձակում է նախաձեռնել, և Մոսկվան սա անպատասխան չի թողնի: «Մենք կարձագանքենք փոխադարձության սկզբունքով, պարտադիր չէ սիմետրիկ», - հայտարարել է Զախարովան:

Երեկ երեկոյան Վաշինգտոնը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու և բանտ նստեցնելու համար: Դրան զուգահեռ ամերիկյան իշխանությունները ցուցակում ներառել են ռուսական 14 ձեռնարկություններ ևս, որոնք կապված են քիմիական և կենսաբանական զենքի արտադրության հետ:

Սև ցուցակում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և ներքին քաղաքականության գծով վարչության ղեկավար Անդրեյ Յարինը, երկրի պաշտպանության նախարարի տեղակալներ Ալեքսեյ Կրիվոռուչկոն և Պավել Պոպովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Պատժամիջոցների սահմանումից առաջ ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են իրենց հետախուզական ծառայությունների զեկույցը, ըստ որի Նավալնիին թունավորել են Անվտանգության դաշնային ծառայության գործող սպաները՝ ռուսաստանյան իշխանությունների ուղղակի ցուցումով: