Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ամերիկան մինչև մայիսի վերջ՝ նախկինում հայտարարված ժամկետից երկու ամիս առաջ, արդեն բավարար պատվաստանյութ կունենա՝ երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար։ Դա, ըստ իշխանությունների, հնարավոր կլինի շուկայում հայտնված երրորդ՝ Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի շնորհիվ, որը Նահանգներում գրանցվել է անցած շաբաթավերջին։
«Հարուստ ու զարգացած երկրները առաջ են անցնում պատվաստումների հարցում, մինչ աղքատ երկրներից շատերը նույնիսկ չեն սկսել գործընթացը», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, զգուշացնելով՝ ճգնաժամը չի ավարտվի, քանի դեռ բոլորը չեն ստացել անհրաժեշտ պատվաստանյութը։
Կազմակերպության վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն անցել է 114 միլիոնից, մինչ օրս համաճարակի զոհ է դարձել ավելի քան 2,5 միլիոն մարդ։