Չնայած ընդդիմադիրները բավարար ստորագրություններ էին հավաքել, արտահերթ նիստ գումարելու նրանց փորձը ձախողվեց։
Խորհրդի անդամ իշխանական պատգամավորներից բացի, նիստին չէր ներկայացել նաև խորհրդի նախագահ Արարատ Միրզոյանը։ Իսկ չգումարված արտահերթի օրակարգում երկրում ստեղծված իրավիճակի և ռազմական դրության հանելու հարցերն էին։
«Դուք սովորական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր չեք, Դուք Ազգային ժողովի նախագահն եք։ Դուք պարտավոր եք լինելու գոնե նման հարցերում անաչառ, արբիտրի դեր տանեք։ Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, որ չկայանա, ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, ապա Դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը ու իրազեկեիք մեզ։ Բայց Դուք ձեր պարտականությունները չեք կատարում, պարոն Միրզոյան։ Սա մեկ։ Երկրորդը, ես նաև չեմ տեսնում ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի համատեքստում ձեր անելիքների հետ կապված։ Օրինակ, Դուք ի՞նչ դերակատարում ունեք էս ճգնաժամից դուրս գալու հարցում։ Երկրորդ կամ երրորդ պաշտոնյան եք Հայաստանի Հանրապետության, օրակարգից դուրս հարց են տալիս, ջզայնանում եք։ Բա երրորդ պաշտոնյան եք, հարց են տալիս, հարցին արձագանքեք։ Կա՛մ Դուք պետք է ներողություն խնդրեք Ազգային ժողովի մեկ հինգերորդից, որ արհամարհել եք, կամ էլ, եթե չէ, պետք ա հրաժարական տաք։ Պարոն Միրզոյան, Դուք ձեր առաքելությունը չեք իրականացնում, դուք էդ արբիտրի դերակատարումը ոտնահարել եք», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի դիտարկումները ԱԺ նախագահին դուր չեկան։ Ասաց, թե խորհրդի նիստին չներկայանալը իր իրավունքերից մեկն է։ Իսկ չմասնակցելու տարբեր պատճառներ կարող էր լինել՝ քաղաքականից մինչև առողջական։ Բայց այդպես էլ չպարզաբանեց, թե նախորդ հինգշաբթի, երբ ԶՈՒ ԳՇ պետը մի խումբ զինվորականների հետ պահանջում էր վարչապետի հրաժարականը, ինքը ինչու չներկայացավ և այդպիսով տապալեց այդ հարցով ընդդիմադիրների հրավիրած նիստը։
Արձագանքելով Անի Սամսոնյանին («Լուսավոր Հայաստան»)՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե ընդդիմադիրներին արհամարհելու նպատակ չի ունեցել․ - «Ինչ-ինչ, բայց ինձ մեղադրել արհամարհական վերաբերմունքի մեջ ոչ միայն խորհրդարանականների առհասարակ, այլև խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, կարծում եմ, տեղին չի։ Ընդհանրապես ես էդպիսի վարքագիծ ջանում եմ չդրսևորել, դա ինձ հատուկ չի։ Բայց եթե որևէ կերպ իմ պահվածքում էդպիսի նշաններ եք զգացել, ես ներողություն եմ խնդրում»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը թվարկեց Ազգային ժողովի քառօրյայում ընդգրկված օրակարգային հարցերը ու հայտարարեց, որ խորհրդարանը զուգահեռ իրականության մեջ է ապրում, կտրված է իրականությունից․ - «Արտահերթ նիստին ոչ մեկ չի գալիս։ Ես չեմ հասկանում․․․ դուք որոշել եք, որ պառլամենտը «Իմ քայլի» դուքա՞նն ա, ինչո՞ւմն ա խնդիրը, ինչի՞ չեք գալիս։ Էկեք, քննարկեք․․․ դուք եք ձեզ ճղում մեջտեղից, ասում եք՝ եկեք լարվածությունը թուլացնենք։ Առավոտից իրիկուն լարվածություն եք գեներացնում»։
ԱԺ օրակարգային հարցերից էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը։ Երեք թեկնածուներից մեկը ՝ Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել, և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում էր մյուս թեկնածուներին և բացարկի պատճառները ներկայացնելու համար։
Պատգամավորը սակայն ԲԴԽ նախագահին այլ հարցեր ունեին։ Արման Բաբաջանյանը Վարդազարյանին հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որով, ըստ Բաբաջանյանի, ԲԴԽ-ն դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից և քաղաքական դրդապատճառներով մտել է ուղիղ բախման մեջ լեգիտիմ իշխանության ու սահմանդրության հետ․ - «Այդ մարտակոչը իրականում ոչ թե դատավորներին էր ուղղված, այլ քաղաքական դաշտի այն հատվածին, որոնք ըստ էության ձեր հանձնարարությամբ և ձեր խոսքով՝ այդ մարտակոչով ուղղակի պաշտպանության տակ վերցվեցին դատական համակարգի կողմից, և դրանից հետո մենք տեսանք, որ քաղաքական այդ հատվածի դերակատարները ավելի ու ավելի անպատկառ և ահաբեկչական հայտարարություններով սկսեցին հանդես գալ, որովհետև ձեր այդ մարտակոչը ուղիղ պաշտպանության տակ էր առնում այդպիսի գործողությունները»։
«Եթե իմ արարքում հանցակազմ կա, դուք շատ լավ գիտեք Դատախազության և Հատուկ քննչական ծառայության տեղը», - արձագանքեց Վարդազարյանը։
Իշխանական պատգամավոր Ռուբին Ռուբինյանն էլ հայտարարեց, թե ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը։ Նա Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արած իր հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում էր կատարել վարչապետի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը և կոչով դիմել էր դատավորներին։
Իսկ իշխանական պատգամավորի հարցը ԲԴԽ նախագահին հետևյալն էր՝ չե՞ք պատրաստվում արդյոք հրաժարական ներկայացնել։
«Քանի որ իմ հրաժարականի մասին է խոսքը գնում, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ», - պատասխանեց Վարդազարյանը։
Վարդազարյանի մասնակցությամբ հարցի քննարկումը ընդհատվեց ԱԺ հայտարարությունների ժամին և կշարունկվի վաղը։