Աշխարհում կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվը վերջերս փոքր-ինչ նվազել է, սակայն անցած օրերին վերստին աճ է գրանցել:
Ընդհանուր հաշվով աշխարհում վարակվել է 113 միլիոն 820 հազար մարդ, մահացել է ավելի քան 2 միլիոն 520 հազար հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը դա հիասթափեցնող նորություն է անվանել:
«Նախորդ 6 շաբաթների ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվը նվազում էր, բայց անցած շաբաթ աճի միտում է սկսվել՝ դա գրանցվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Միջերկրականում», - ասել է Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
ԱՀԿ գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի փոխանցմամբ՝ շնորհիվ վակցինայի կիրառման իրավիճակն ընդհանուր առմամբ որոշակիորեն բարելավվել է, սակայն իրատեսական չէ հույսն առ այն, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի այս տարեվերջին:
«Վաղաժամ է խոսել համավարակի ավարտի հնարավոր ժամկետի մասին, տեսեք, թե ինչ թվեր են, մեր առաջնահերթությունը պետք է լինի հնարավորինս նվազեցնել հիվանդանոցներ փոխադրվողների թիվը, նվազեցնել մահվան վիճակագրությունը, և երբ այդ թվերը կիջնեն, այդ դեպքում ոչ թե վիրուսը, այլ մենք կդառնանք իրավիճակը հսկողը», - ասել է Ռայանը: