Հայաստանի Զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և ժողովրդի անվտանգության ապահովման։ Այս մասին ասված է շաբաթ երեկոյան Պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը պահանջում է «զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին»։
«Սիրելի հայրենակիցներ, Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը», - ասված է հայտարարությունում։