Պաշտոնական Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, բայց դրա համար պետք է լինեն մի շարք պայմաններ, ասել է արտգործնախարար Արա Այվազյանը ռուսական РИА "Новости"-ին տված հարցազրույցում։
«Նախ պետք է համապատասխան մթնոլորտի ձևավորվի` որոշակի օրակարգով, և որ պակաս կարևոր չէ՝ այն պետք է անցկացվի երկու կողմի՝ բանակցելու պատրաստակամության պայմաններում», - ասել է Այվազյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանը պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը, արտգործնախարարն ասել է՝ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը «չի կարող ճնշվել կամ սառեցվել բռնի ուժի գործադրմամբ»։
«Որևէ կարգավիճակով կամ որևէ պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո, վերջին ագրեսիան կրկին հաստատեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակում է Արցախ՝ առանց հայերի», - ընդգծել է Արա Այվազյանը։
«Հակամարտության կարգավորման նպատակով բռնի ուժի գործադրումը մարտահրավեր է միջազգային համայնքին, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդական ջանքերի ու հեղինակության խարխլում», - հայտարարել է արտգործնախարարը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ, Այվազյանն ասել է՝ Երևանի օրակարգում հիմա բանակցություններին վերադառնալու հարցն է, «որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանի տևական անվտանգությունն ու կայունությունը»։
Տե՛ս նաև այստեղ