Մատչելիության հղումներ

Ըստ Այվազյանի, Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում


Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում, այսօր Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման սկզբում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նախարարը նաև նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում խոշոր դերակատարների վերադասավորում:

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի խաղաղության նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն», - նշեց Այվազյանը:

Նախարարի ելույթից հետո նիստը շարունակվեց փակ ձևաչափով: Նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով այս պաշտոնին նշանակվել է 44-օրյա պատերազմից հետո, հերքեց իր հրաժարականի մասին լուրերը, փոխարենը վստահեցրեց՝ 24-ժամյա ռեժիմով զբաղված են Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով: Ըստ Նախարարի, միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ մեծացել է:

«Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է, և ինչպես ենթադրում էի, գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին», - ընդգծեց Արա Այվազյանը:

Զուգահեռ, սակայն, եղանակային պայմանների վատթարացում հիմնավորմամբ դադարեցված են դիերի որոնողական աշխատանքները՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում:

Այվազյանը պնդեց՝ խնդիրն իսկապես եղանակային պայմաններն են, և առաջիկայում որոնման աշխատանքները կշարունակվեն: Այս հարցերում Հայաստանին աջակցում են նաև գործընկեր պետությունները: Այսօր լրագրողների հետ զրույցում գերիների վերադարձի թեմային է անդրադարձել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գերիների հետ կապված աշխատանք մշտապես տարվում է, այդ թվում՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից: Ինչպես գիտեք, պարբերաբար նոր խմբերի վերադարձի մասին ինֆորմացիա ստանում ենք: Իհարկե, կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, բոլորը բոլորի դիմաց սկզբունքին համապատասխան, բայց աշխատանքը հեշտ չէ և համառորեն շարունակվում է», - նշել է Սերգեյ Կոպիրկինը:

Ռուսաստանի դեսպանի կարծիքով՝ տվյալ փուլում Հայաստանի ղեկավարության հետ շփումը բավականաչափ սերտ է և ինտենսիվ, ավելին վերջինս ևս հաստատեց՝ Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում: Դեսպանը չցանկացավ մեկնաբանել ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությունը, թե չի բացառվում, որ ռուսական 102-րդ ռազմակայանի կազմից որևէ զինվորական կազմավորում տեղափոխվի Հայաստանի արևելք։ Այս թեմային այսօր չանդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG