Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել բռնի ուժի գործադրմամբ, շեշտում է Հայաստանի ԱԳ նախարարը

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյան, արխիվ

Պաշտոնական Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, բայց դրա համար պետք է լինեն մի շարք պայմաններ, ասել է արտգործնախարար Արա Այվազյանը ռուսական РИА "Новости"-ին տված հարցազրույցում։

«Նախ պետք է համապատասխան մթնոլորտի ձևավորվի` որոշակի օրակարգով, և որ պակաս կարևոր չէ՝ այն պետք է անցկացվի երկու կողմի՝ բանակցելու պատրաստակամության պայմաններում», - ասել է Այվազյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանը պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը, արտգործնախարարն ասել է՝ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը «չի կարող ճնշվել կամ սառեցվել բռնի ուժի գործադրմամբ»։

«Որևէ կարգավիճակով կամ որևէ պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո, վերջին ագրեսիան կրկին հաստատեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակում է Արցախ՝ առանց հայերի», - ընդգծել է Արա Այվազյանը։

«Հակամարտության կարգավորման նպատակով բռնի ուժի գործադրումը մարտահրավեր է միջազգային համայնքին, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդական ջանքերի ու հեղինակության խարխլում», - հայտարարել է արտգործնախարարը, հավելելով՝ Հայաստանը հույս ունի, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կգլխավորեն բանակցային գործընթացը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ, Այվազյանն ասել է՝ Երևանի օրակարգում հիմա բանակցություններին վերադառնալու հարցն է, «որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանի տևական անվտանգությունն ու կայունությունը»։

Արտգործնախարարը պնդել է նաև, որ Բաքուն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։

«Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում», - նշել է Արա Այվազյանը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ հարցականի տակ դնելով դրա իրականացումը։