Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մալյանը, ով Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր, մեղադրվում է նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարությունը պատկերող պերֆորմանսի համար։
Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն, հոդվածի առաջին մասով սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք, Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը խիստ դատապարտելի է որակել մահապատժի այդ բեմականացումը Երևանի կենտրոնում։