Թբիլիսիում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև

Վրաստան - Ցուցարարների վրանները խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 27-ը փետրվարի, 2021թ․

Վրաստանում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև և պնդում են, թե չեն հեռանա, քանի դեռ իշխանություններն ազատ չեն արձակել ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային ու չեն հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Նույն պահանջներով ընդդիմությունը երեկ բազմամարդ երթ էր անցկացրել Թբիլիսիի կենտրոնում:

Ներքաղաքական իրավիճակը երկրում կտրուկ սրվել է անցած շաբաթվանից, երբ ոստիկանությունը գրոհեց երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի` Ազգային միացյալ շարժման գրասենյակն ու ձերբակալեց կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային: Վերջինս ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել 2019 թվականի ամռանը Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Վրաստանի այժմ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ընդդիմացել էր Մելիայի ձերբակալությանը և հենց այս հարցում կուսակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով օրեր առաջ հրաժարական տվել: