Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանում «Իսկանդերի» վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը

«Իսկանդեր» հրթիռային համակարգերը Երևանի Հանրապետության հրապարակում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում պաշտոնական Մոսկվայի այն հայտարարությունը, թե վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել, և կիրառման մասին պնդում արած վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավանաբար մոլորության մեջ են գցել։

1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։

Մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ դրանք ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաև «Իսկանդերի» հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մամլո ասուլիսի ժամանակ ռուսական կողմի հայտարարությունն էր կրկնել, պնդել, որ չեն արձանագրել որևէ փաստ, որ Հայաստանը պատերազմում «Իսկանդեր» է կիրառել։

Նկատենք, որ ռուսական արտադրության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգը արցախյան վերջին պատերազմում կիրառելու մասին առաջին անգամ ակնարկել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Մոտ 10 օր առաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին խոսել էր նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այնքան էլ համաձայն չեմ, որ «Իսկանդերը» չի կիրառվել։ Մամուլուվ եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է։ Կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Շուշիի ուղղությամբ», - ասել էր Սարգսյանը։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում օրոք 2015 թվականին գնվել է «Իսկանդեր»-ը, «Ազատության» հետ զրույցում այսօր չհստակեցրեց, թե որտեղից է «հավաստի տեղեկություն» ստացել Սերժ Սարգսյանը․ - «Այդ առումով ես չեմ կարող ասել, որովհետև «Իսկանդերի» գործի դրման մասին իմ տեղեկությունները, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու մոտ, լրատվամիջոցներից են։ Ես իրենց հետ կապ չեմ ունեցել և չգիտեմ օգտագործել են, թե ոչ»։

Այդուհանդերձ, Պաշտպանության նախկին նախարարը, որ պատերազմի օրերին եղել է Արցախում և հենց Շուշիում, որոշ մասնագիտական նրբություններ ներկայացրեց գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգի մասին։ Նրա պնդմամբ՝ նույնիսկ ոչ բոլոր բարձրակարգ զինվորականները կարող են տեղեկություն հաղորդել «Իսկանդերի» մասին։ Դա, ըստ Օհանյանի, կարող են անել միայն Ռուսաստանում հատուկ մասնագիտացում ստացած մասնագետները։

«Գերճշգրիտ հեռահար միջոցը, եթե դու ճշգրիտ կարողանում ես կրակել, չի կարող իր խնդիրը չկատարի։ Դրանք միայն մեկ նպատակ ունեն՝ հակառակորդի կարևոր օբյեկտների ոչնչացումը։ Իսկ թե ինչպիսի որոշում է ընդունված եղել, ես այնտեղ ներկա չեմ եղել», - ասաց Օհանյանը։

Սերժ Սարգյսանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում էլ հստակ չեն պատասխանում, թե ինչ հիմնավորվամբ էր երրորդ նախագահը հայտարարել, որ «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ։

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում նորից հիշեց Փաշինյանի աղմկահարույց հայտարարությւյունը Իսկանդերի 10 տոկոսով պայթելու վերաբերյալ և հավելեց՝ Սարգսյանի խոսքի մեխը այլ էր ու ակնարկեց. – «Սերժ Սարգսյանի հայտարարությունը փաստել են նաև բարձրագույն զինվորական գեներալներ․․․ Թող Նիկոլը պատասխանի ինչո՞ւ «Իսկանդերը» առաջին շաբաթվա ընթացքում չի գործադրվել և ինչո՞ւ ա տասը տոկոսով պայթել։ Եվ ինչո՞ւ է փչացնում մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։ Եվ ի վերջո ներողություն հայտնելո՞ւ ա, թե՞ չի ասելու։ Որովհետև Պետդումային ապտակ ստացավ»։

Իշխող «Իմ քայլից» այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։ Նկատենք սակայն, որ նախքան ռուսական կոշտ արձագանքը ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» վերաբերյալ ուսումնասիրության կարիք ունի։

Ուղիղ հարցին՝ կիրառվե՞լ է արդյոք այն առհասարակ, Անդրանիկ Քոչարյանը սլաքներն ուղղել էր նրանց ուղղությամբ, ովքեր այդպիսի հայտարարություններ են արել․ - «Ո՞վ ասեց այդ մասին․․․ Երկուսն էլ [Մովսես Հակոբյանը, Սերժ Սարգսյանը] Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություն են արել, որը սխալ ա, սուտ ա։ Ով որ էդպիսի բան ա ասում [թե «Իսկանդերը» կիրառվել է], երևի ինքը ավելի լավ գիտի, և համապատասխան կառույցները պիտի իրան հարցնեն՝ ինքը որտեղի՞ց գիտի մենք որ ուղղությամբ ինչ ենք կիրառել։ Կամ Հայաստանը կիրառել ա, թե ոչ»։