Բաղրամյան պողոտայում շարունակվում է վարչապետի հրաժարականի պահանջով ցույցը:
Մինչև հանրահավաքը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
ԱԱԾ նախկին տնօրեն, շարժման ներկայացուցիչներից Արթուր Վանեցյանը մանրամասնեց հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նախագահի ձեռքում է երկրի ապագան: «Հայրենիքի փրկության շարժումն» առաջարկել էր, որ Արմեն Սարգսյանը որպես Սահմանադրության երաշխավոր չստորագրի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը ուղարկի Սահմանադրական դատարան՝ դրա օրինականությունը վիճարկելու:
Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր շտաբի պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատակներով նրան աշխատանքից ազատելը Սահմանադրության խախտում է:
Շարժման ներկայացուցիչները իրենց հետագա անելիքների մասին չեն հայտարարում: Մինչ այս հանրահավաքը նաև կարճ հանրահավաք եղավ կեսօրին, ելույթ ունեցավ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա դարձյալ խոսեց վարչապետի հենարանները կոտրելու անհրաժեշտության մասին և այդ շրջանակում դիտարկեց նաև Զինված ուժերի գլխավոր շատբի միանալը վարչապետի հրաժարականի պահանջին:
«Ես կոչ եմ անում Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, մյուս պետական կառույցներին, որպեսզի նրանք միանան բանակի հետ, անեն նույնանման հայտարարություն, պահպանեն ժողովրդի անդորրը և նպաստեն, որ պետությունը մենք նորից կարողանանք ոտքի կանգնեցնել», - հայտարարեց Մանուկյանը:
Թե ինչ քայլեր են հաջորդելու Գլխավոր շտաբի հայտարարությանը և արդյոք ունեն գործողությունների պլան Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, ըստ էության, չմանրամասնեցին: Արթուր Վանեցյան ասաց, որ կարծում է՝ Գլխավոր շտաբի անելիքն այդ հայտարարությամբ ավարտվել է:
Մինչ հանրահավաքը ցուցարարները երթով շարժվեցին նախագահական նստավայր, այնտեղ ներկայացրեցին իրենց պահանջը: Այն է, որպեսզի Արմեն Սարգսյանը չստորագրի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը ուղարկի Սահմանադրական դատարան:
Այնուհետև երթը շարունակվեց Երևանի կենտրոնական փողոցներով, կանգ առան Գլխավոր դատախազության և Արտաքին գործերի նախարարության շենքերի մոտ: Դատախազության շենքի մոտ պահանջեցին, որ Նիկոլ Փաշինյանին կալանավորեն:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» շուրջօրյա հանրահավաքներ է սկսել: Ցուցարարները երեկ գիշերել են Բաղրամյան պողոտայում, այնտեղ տեղադրված են վրաններ, իսկ շարժման առաջնորդները հայտարարում են, որ շարունակելու են իրենց շուրջօրյա հանրահավաքներն այնքան, մինչև վարչապետ Փաշինյանը հրաժարական տա: