ՊԵԿ-ը զրահաբաճկոնների ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չի տեսել, քննություն սկսելու հիմքեր՝ ևս

Ռազմական նշանակության ապրանքների ներկրման, ծավալների, քանակների, տեսակների գների վերաբերյալ հանրային տեղեկատվություն չի կարող ներկայացվել, «Ազատության» հարցին այսպես պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Իր վերջին հարցազրույցի ժամանակ 600 դոլարանոց զրահաբաճկոնների գնման մասին խոսել էր երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ այս իշխանությանը թալանի մեջ մեղադրելու համատեքստում։ Սարգսյանի խոսքերով՝ պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով։

«Առհասարակ զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից գաղտնիություն է ենթադրում, և ես այս հարցին, հանրային մակարդակով, չեմ կարող անդրադառնալ», - ասաց ՊԵԿ նախագահը։

Հարցին, թե քննություն սկսվե՞լ է, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ինչի՞ համար քննություն սկսել, ներմուծման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր մենք չենք տեսել և որևէ քննություն սկսելու, կամ որևէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»։

Ինչպես պարզվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններն էլ, հավանաբար հենց այդ գործի շրջանակներում կստուգվեն։

Հարցաքննվել է արդյո՞ք նախկին նագագահը, կամ գործով ի՞նչ զարգացումներ կան հարցին, դատախազությունից պատասխանեցին, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում կարձագանքի։

Իշխանությունները այս մեղադրանքի հետ կապված պարզաբանումներ դեռ չեն ներկայացրել, իսկ գրավոր հարցումներին ի պատասխան մանրամասներ չեն հայտնում՝ հղում անելով պետական գաղտնիքին։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց՝ քանի որ այս պարագայում իսկապես կա պետական գաղտնիքի խնդիր, այստեղ կարևորվում է իրավապահ մարմինների և խորհրդարանի դերը։

«Այդպիսի փակ գնումների ժամանակ, դա միջազգային պրակտիկայից հայտնի է, որ գների ուռճացումը շատ տարածված երևույթ է և նաև մեկ անձինց գնումները, բոլոր, այսպես ասած, էդ բուկետը՝ տարբեր տեսակի թերությունների, հանցագործությունների գնումների ոլորտում, դա կարող է առկա լինել։ Եվ նույնիսկ, ասեմ Ձեզ, ոչ միայն Հայաստանում, դա ամբողջ աշխարհում տարածված երևույթ է, դրա համար պետք է ուղղակի իսկապես ասի և՛ Ազգային ժողովը, և՛ կառավարությունը, և՛ իրավապահ մարմինները, ավելի բաց աշխատեն ու ավելի հաճախ ուսումնասիրեն էդ ոլորտը», - ասաց Հոկտանյանը։

Տարբերակներից մեկը փորձագետը համարում է Ազգային ժողովում քննիչ փակ հանձնաժողովի ստեղծումը, որը կուսումնասիրի պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց հացեր, այդ թվում՝ ռազմական ոլորտի գնումները։