Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական, որպեսզի այդ ամբողջությունը կարողանանք ապահովել»:
«Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը ի՞նչ է, կռի՞ս է», - նշել է երրորդ նախագահը:
Հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը այս իշխանությանը պատերազմի ընթացքում ու դրանից առաջ կատարած թալանի համար էր մեղադրել։ Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով։
Դատախազության ներկայացուցիչը փակագծեր շատ չբացեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, բայց ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում: Սերժ Սարգսյանի հայտարարություններն էլ, կարծում է, հենց այդ գործի շրջանակներում կստուգվեն։
«Դրա մասին երրորդ նախագահի կողմից հայտնելուց շատ առաջ փաստաթղթեր էին որոշակի հրապարակվել, տվյալներ էին հրապարակվել համացանցում, դեռ այն ժամանակ դատախազությունը դրանք ֆիքսել էր, և դրանք ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, և այդ փաստերի կապակցությամբ քրեական գործ է քննվում: Քրեական գործը քննվում է 308-րդ հոդածի հատկանիշներով և Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանության չարաշահում, որը վերաբերում է զինվորական ծառայությանը», - նշեց Գոռ Աբրահամյանը:
«Ազատության» հարցին՝ քրեական գործը երբվանի՞ց է քննվում, կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, այս պահի դրությամբ դրանով ևս նախաքննություն է իրականացվում, դեռ մեղադրյալների կամ կասկածյալների ներգրավման մասին տեղեկություն չեմ կարող հաղորդել: [Քննվում է] նոյեմբերից սկսած: Բայց նկատի ունենալով, որ հնչեցվել են կոնկրետ գնային հարաբերությունների հետ կապված տվյալներ այդ հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ հարցազրույցը դարձվել է, ոչ միայն այդ նպատակով, նկատի ունենալով, որ այլ երևույթների մասին է խոսվել այնտեղ, Գլխավոր դատախազությունում դրանք դարձվել են ուսումնասիրության առարկա և հավանաբար կուղարկվի քննչական մարմին, որպեսզի դրանցում ներկայացվող տվյալները ևս ստուգման առարկա դառնան քրեական վարույթների շրջանակներում»:
Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք գործի մասին մանրամասներ ճշտել, որևէ հավելյալ տեղեկություն չհայտնեցին, մամուլի կենտրոնից միայն փոխանցեցին՝ հրապարակման ենթակա տեղեկություն չունեն:
«Ներողություն բառիս համար, Շուշիի անկումն ուզում էին գցել Սեյրանի ջեբը: Մարդիկ իրավունք ունեն մտածելու, թե եղել է դավադիր պատերազմ, Շուշին հանձնվել է», - Այս հայտարարություններից զատ իր ավելի քան 3 ժամանոց հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաև չէր բացառել, որ Ալիևը, ինչպես իրեն, Փաշինյանին էլ Ղարաբաղի հարակից տարածքների դիմաց 5 միլիարդ դոլարի առաջարկ արած լիներ։
Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց՝ Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նաև Արցախի դիմաց 5 միլիարդ դոլար առաջարկելու վերաբերյալ հրապարակումն է քննվում։
«Ազատության» հարցին, թե վարչապետն այդ գործի շրջանակներում ՀՔԾ կանչվե՞լ է, Աբրահամյանը պատասխանեց. «Որքան գիտեմ, չէ, դեռ»:
Դատախազությունից հայտնում են՝ պատերազմին վերաբերող ավելի քան 1600 քրեական գործ է քննվում։
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանի հայտարարություններով իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն. «Եթե կա հանցակազմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչ-որ մարդիկ, թե չկա, նշանակում է՝ պարոն Սարգսյանը միտումնավոր կեղծ լուրեր է տարածում, իսկ այդ հարցազրույցի ամբողջ տրամանբանությունը անկումային տրամադրություններ հասարակության մեջ առաջացնելն էր՝ սկսած իր հայտնի կապիտուլյանտ բառի մշտական շահարկմամբ, երբ որ խոսքը վերաբերում է հրադադարի և հետհրադադարյան իրավիճակների ճգնաժամի հաղթահարմանը»:
Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը պնդում է՝ Սարգսյանն առանց փաստերի հայտարարություններ չի անում, կարծում է, եթե քննություն լինի, ապա՝ այս իշխանության նկատմամբ. «Սերժ Սարգսյանը մշտապես ցույց է տվել, որ ինքը երբեք ոչնչից չի խուսափում, եղել է դատարան, ինքը դատարան ներկայացել է, քննություն է եղել, քննության ներկայացել է, բայց քննության ու դատարաններ գալու են ներկայանալու նրանք, ովքեր մեր հայրենիքը տվել են թուրքին»: