ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Համաձայն հաղորդագրության, պարզվել է, որ Ա. Մ.-ն՝ տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է՝ խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ հունվարին վերջինիս հորը՝ Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր զբաղվում է պատերազմում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցերով: Գ. Վ-ի հետ հետագա հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան մոլորեցնելու, գիտակցության ու կամքի վրա ներազդելու նպատակով տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել՝ հայտնաբերելու Դ. Վ.-ին, իսկ փետրվարի 17-ին նրա վերաբերյալ առարկայական տեղեկություններ տրամադրելու պատրվակով վերջինիս հորից պահանջել է 1.500 դոլար:

Ա. Մ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Գ. Վ.-ից խաբեության եղանակով ստացել է 786 հազար դրամին համարժեք 1.500 դոլար, սակայն չի հասցրել տնօրինել հափշտակված գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Մ.-ն ձերբակալվել է: Ա.Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ է։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն փետրվարի 9-ին ևս հայտնել էր նման դեպքի մասին՝ տեղեկացնելով, որ անհետ կորած զինծառայողի ծնողից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակած քաղաքացի է ձերբակալվել, այնուհետև կալանավորվել:

Նման մի դեպքի առիթով էլ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գեղարքունիքի մարզի 41-ամյա մի բնակչի, նա կալանավորվել է։